14:22 | 16.02.21 | Նորություններ | 14037

«Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիրն ընդունում է հայտեր

Հայ Կրթական Հիմնարկությունը համագործակցելով Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) հետ, մեկնարկում է «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիրը՝ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցում:

ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով, ծրագրի ընթացքում, որը կօգնի մասնակիցներին ուղղորդել դեպի ինժեներական եւ պոլիտեխնիկական բարձրագույն կրթություն, աշակերտները կմշակեն ինժեներական նախագծեր եւ պրոդուկտներ:

«Կրթական ծրագրի նպատակն է բարձրացնել ինժեներական կրթության հանդեպ հետաքրքրությունն ավագ դպրոցի աշակերտների շրջանում՝ տրամադրելով նրանց գործնական ուսուցման կիրառմամբ արդիական եւ մրցունակ ինժեներական հմտություններ»,- ընդգծել է նա:  

Ամալյա Եղոյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցում կպատրաստվի հատուկ լսարան՝ հագեցած ինժեներական սարքավորումներով, իսկ դասավանդողները կընտրվեն երկրում գործող ինժեներական ընկերություններից։

«Ստեղծված իրավիճակում բոլորիս առաջ պետք է լինի մեկ նպատակ՝ Հայաստանի զարգացումը: Մեր տեսլականն այս հարցում այն է, որ ինժեներական կրթությունը Հայաստանի զարգացման կարեւորագույն ուղղություններից է, այդ նպատակով մեկնարկում ենք «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիրը»,- նշել է Հայ Կրթական Հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանը:

«Հայ Կրթական Հիմնարկության դոնորները երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին կարեւորում են կրթական նման նախաձեռնությունները, հույս հայտնելով, որ նոր սերնդին կրթելը լավագույն ներդրումն է Հայաստանի ապագայում»,- հավելել է Հայ Կրթական Հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Հերմինե Փախչանյանը:  

Հայ Կրթական Հիմնարկության կողմից ֆինանսավորվող ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել հետեւյալ հայտադիմումը մինչեւ ս․թ․ փետրվարի 28-ը, ժամը 23։59։ Դասընթացների մեկնարկը նախատեսված է մարտի 8-ին։

Ծրագրին, որի դասընթացավարներն ինժեներական ոլորտի ընկերությունների փորձառու մասնագետներ են, կարող են դիմել Շիրակի մարզի ավագ դպրոցների 11-րդ դասարանի այն աշակերտները, որոնք ցանկանում են ձեռք բերել հիմնարար գիտելիքներ եւ փորձ հետեւյալ ուղղություններում․

-    Ծրագրային ճարտարագիտություն (Software Engineering). Python; Մեքենայական ուսուցում (Machine Learning)
-    Մեքենաշինություն (Mechanical Engineering). 3D մոդելավորում, ճշգրիտ մեքենաների գործարկում
-    Էլեկտրատեխնիկա (Electrical Engineering). էլեկտրական կառավարման համակարգերի նախագծում եւ իրականացում
-    Արտադրանքի մշակում (Soft Skillset). նախագծերի կառավարում, թիմային աշխատանք
 
Մասնակիցների ընտրությունը տեղի կունենա մաթեմատիկայի գրավոր թեստի եւ հարցազրույցի միջոցով, որի ժամանակ կստուգվեն դիմորդների տրամաբանությունը եւ ինժեներական ոլորտի հանդեպ հետաքրքրությունը։