11:31 | 12.02.21 | Նորություններ | 3095
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2021 թ. պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում եւ գումար հատկացրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» որոշման հիման վրա կազմակերպված դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչված տնտեսավարող սուբյեկտներին` ՏՏ ոլորտի պրոդուկտ ստեղծող ընկերություններին, դրամաշնորհի տրամադրման գործընթացը կազմակերպելու համար:
Միջոցառմանը վերաբաշխման միջոցով հատկացվել էր 888 մլն դրամ, որից հետո հատկացվել է եւս լրացուցիչ 217,9 մլն դրամ՝ հաշվի առնելով փաստացի հաղթողների թվաքանակը եւ տրամադրվող դրամաշնորհների չափը։
2020թ․ սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության պատճառով, հաղթող կազմակերպությունների հետ պայմանագրեր չկնքվեցին եւ միջոցառման համար նախատեսված 1,1 մլրդ դրամը կառավարության համապատասխան որոշմամբ ամբողջությամբ կրճատվել եւ ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։
Ինչպես նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, մրցույթին մասնակցել է 330 ընկերություն, որից հաղթել է 64-ը: Նախարարը տեղեկացրել է, որ ներկայում որոշակի հնարավորություններ են ստեղծվել նախարարության բյուջեում վերաբաշխում իրականացնելու եւ միջոցառումն ավարտին հասցնելու համար: Ըստ նրա՝ ստարտափ ընկերությունները նախորդ տարվա ընթացքում 50 միլիոն դոլարից ավելի ներդրում են ներգրավել Հայաստան, ինչը լուրջ ցուցանիշ է:
«ՏՏ ոլորտում նույնպես կայուն աճ է եղել. Ստեղծվել են 3400-ից ավելի աշխատատեղեր, 22 տոկոսով աճել է աշխատատեղերի թիվը, ինչը նշանակում է, որ աշխատավարձերի կտրուկ տատանումներ չեն եղել: Կարծում եմ՝ նաեւ կորոնավիրուսով է սա պայմանավորված: Այս պահին 18400 աշխատակիցներ կան ոլորտում, եւ 192 նոր ընկերություններ պետության կողմից հարկային արտոնագիր են ստացել»,- ասել է Հակոբ Արշակյանը: