12:42 | 09.02.21 | Նորություններ | 2645

Hyundai-ն եւ Kia-ն չեն աշխատի Apple-ի հետ՝ էլեկտրական մեքենայի արտադրության հարցում

Hyundai-ն ու Kia-ն հաստատել են, որ ավարտել են Apple Car էլեկտրական մեքենայի արտադրության շուրջ բանակցությունները:

Hyundai Motor-ը հունվարին հաստատել էր, որ բանակցություններ է վարում Apple-ի հետ` Apple Car անվամբ ինքնավար էլեկտրական մեքենա ստեղծելու շուրջ: Ակնկալվում էր, որ համագործակցության համաձայնագիրը կստորագրվեր փետրվարի 27-ին, որի արդյունքում $3,5 մլրդ կներդրվեր ԱՄՆ Ջորջիա նահանգում գործող Kia-ի գործարանում էլեկտրական մեքենաների արտադրություն սկսելու համար:


Այժմ Hyundai-ն ու Kia-ն հաստատել են, որ ընկերություններն ավարտել են բանակցությունները՝ նվիրված Apple Car-ի արտադրությանը: Նրանք հայտնել են, որ տարբեր ընկերություններից առաջարկներ են ստացել ինքնակառավարվող էլեկտրական մեքենաներ արտադրելու վերաբերյալ, սակայն որոշում չի կայացվել, քանի որ բանակցությունները գտնվել են սկզբնական փուլում եւ չեն ընթացել դրական ուղղությամբ:

Կան տեղեկություններ, որ Apple-ը բանակցություններ է վարում վեց այլ ընկերությունների, այդ թվում՝ ճապոնական ավտոարտադրողների հետ: