14:18 | 25.01.21 | Նորություններ | 4626

Ռուս-հայկական գիտատեխնիկական խորհուրդ կստեղծվի

Հունվարի 22-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանի եւ Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են արդյունավետ պլանավորման, ճյուղային եւ միջգերատեսչական համագործակցության համատեղ ճանապարհային քարտեզ ստեղծելու հնարավորությունները:

Գոռ Մելիքյանի խոսքով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում քաղաքացիական արտադրանքի խթանման գործում համագործակցության ուղղությամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առանցքային գործընկեր է համարում Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությանը:

Աննա Դոնչենկոն առաջարկել է ռուս-հայկական գիտատեխնիկական խորհրդի ստեղծման գաղափարը՝ որպես կանոնավոր երկխոսության հնարավոր հարթակ: Առեւտրային ներկայացուցիչը բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի եւ դիզայնի ոլորտում համատեղ նախագծերի զարգացման ընթացիկ եւ ռազմավարական հարցերի քննարկման համար համակարգված եւ հետեւողական աշխատանքը շարունակելու համար առաջարկել է միասին մտածել ռուս-հայկական գիտատեխնիկական խորհրդի ստեղծման մասին, որտեղ կներառվեն փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ, շահագրգիռ ընկերություններ, ինչպես նաեւ պետական կառավարման համապատասխան մարմինների աշխատակիցներ, որպեսզի փորձագիտական  մակարդակում մշակված դիրքերը անհապաղ ձեւակերպվեն կազմելով կոնկրետ որոշումներ եւ ցուցումներ:

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը հավանություն է տվել այս գաղափարին, ինչպես նաեւ երկկողմ նախագծերի միասնական ցանկի պահպանման նպատակահարմարությանը՝ կարեւորելով նաեւ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ուժեղ կողմերը, ինչպիսիք են բարձրորակ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքները, ինժեներական ծառայությունները, եւ փորձնական արտադրությունը:

Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է զարգացնել երկկողմ փոխգործակցության ավելի համակարգված մոտեցում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են ռադիոէլեկտրոնիկան, թվային տեխնոլոգիաները, պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակական աշխատանքներ իրականացնել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ռուս-հայկական գիտատեխնիկական խորհրդի ստեղծման գաղափարի մշակում, հեռանկարային եւ ընթացիկ երկկողմ նախագծերի մոնիտորինգի իրականացում, երկու երկրների ձեռնարկությունների հնարավորությունների եւ հետաքրքիր առաջարկների վերաբերյալ տեղեկատվության կանոնավոր փոխանակման իրականացում եւ առավել սերտ միջգերատեսչական համագործակցության զարգացում համագործակցության հուշագիր ստորագրելու հեռանկարով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ այնպիսի թեմաների, ինչպիսիք են Հայաստանում ինժեներական եւ արդյունաբերական քաղաքներ ստեղծելու նախագծերի իրականացումը, երկու երկրների գործարարների մասնակցությունը ExpoElectronica եւ ArmHiTec մասնագիտացված ցուցահանդեսներին եւ պատվիրակությունների փոխգործակցությունը: