11:08 | 15.01.21 | Նորություններ | 4046
Հունվարի 13-ին մեկնարկել է TUMO Labs-ի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախագիծը:
Ծրագրի շրջանակում համալսարանի Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողները մեկ ամիս տեւող պիլոտային նախագծի ընթացքում ստեղծելու են փոքր IoT սարք եւ բույսերի աճի կառավարման համակարգ: Վերջինս սենսորների օգնությամբ կորոշի հողի խոնավության աստիճանը եւ ըստ անհրաժեշտության ավտոմատ կերպով կջրի այն։
Նշվում է, որ այս ամենի համար ուսանողներն օգտագործելու են Arduino, C եւ C++ ծրագրավորման լեզուները։
Թումո լաբորատորիաները անվճար կրթական ծրագիր է, որին կարող են մասնակցել 18 տարին լրացած երիտասարդ մասնագետներ եւ ուսանողներ: Լաբերի նախագծերը կամուրջ են ստեղծում ակադեմիական եւ արդյունաբերական ոլորտների միջեւ՝ թույլ տալով ուսումնասիրել տեխնոլոգիաները եւ ձեւավորել նոր թվային դարաշրջանը:
Նախագծերի շրջանակներում լաբերի գործընկեր կազմակերպությունների մասնագետները ուսանողների համար անցկացնում են 3-6 ամիս տեւողությամբ գործնական դասընթացներ, որոնք պահանջում են շաբաթական 7-10 ժամ զբաղվածություն: Դրանց ընթացքում ուսանողները ստանում են արդիական եւ կիրառական հմտություններ նորարարական ոլորտներում, եւ միաժամանակ իրականացնում ավարտուն նախագծեր, որոնք ապագայում օգտագործվում են իրական կյանքում: