16:37 | 14.01.21 | Նորություններ | 4196

AR տեխնոլոգիաների շուկան 5 տարի անց կգնահատվի $140 մլրդ

Չնայած նրան, որ COVID-19-ն արդեն իսկ վնաս է հասցրել մեծ թվով ոլորտների, այնուամենայնիվ, այն խթանել է որոշների աճը: Դրանց թվում է լրացված իրականության (AR) տեխնոլոգիաների շուկան, որի առաջարկած գործիքները կիրառվում են հեռավար աջակցության տրամադրման, ուսուցման եւ աշխատանքի համար:

Ըստ ABI Research խորհրդատվական ընկերության կանխատեսումների, լրացված իրականության տեխնոլոգիաների շուկայի ընդհանուր արժեքը 2025թ. կգերազանցի $140 մլրդ.:

«Բոլոր տեխնոլոգիական ընկերությունները, որոնք գլոբալ տեսլական ունեն, արդեն իսկ ուղղակիորեն ներգրավված են AR տեխնոլոգիաների շուկայում, եւ նրանցից շատերը նախատեսում են առաջիկա 2-3 տարիների ընթացքում ավելի կենտրոնանալ AR գործիքներ կիրառելու վրա: Արդյունքում, AR շուկան կորպորատիվ կիրառությունից դուրս կգա եւ կանցնի սպառողներին, ինչի արդյունքում երկու կողմերն էլ կշահեն, քանի որ կավելանա մրցակցությունը»,- նշել է ABI Research-ի հետազոտությունների գծով տնօրեն Էրիկ Աբբրուզզեն:

Ակնկալվում է, որ այս միտումը կարտացոլվի առաջիկա հինգ տարիների ընթացքում: Ամենաարագ աճ գրանցող ուղղությունների թվում են լրատվամիջոցները, ժամանցը, մանրածախ վաճառքը եւ մարքեթինգը: