17:08 | 23.12.20 | Նորություններ | 60991

Ucom-ի գլխավոր տնօրենն ամփոփել է անցնող տարին

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ամփոփել է 2020թ.՝ նշելով, որ այն բարդ էր թե՛ համաշխարհային, եւ թե՛ հայաստանյան տնտեսվարողների համար։

Նրա խոսքով, որպես ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսական կառույց, Ucom-ը նախ պետք է ադապտացվեր COVID-19-ով պայմանավորված իրավիճակին, ինչը պատվով կատարել է։ Ի դեպ, մի շարք վաճառքի եւ սպասարկման կենտրոններ (Աշտարակ, Ալավերդի) հակահամաճարակային կանոնների պահպանման համար ստացել են «Պատասխանատու տնտեսվարող» որակումը։

Ապրիլին հաջորդել է ընկերության ներսում առաջացած ճգնաժամային իրավիճակը, որը հաղթահարվել է աշխատակիցների, բաժանորդների եւ գործընկերների ջանքերով ու աջակցությամբ։

Պատերազմն, անշուշտ, առավել ուժգին հարվածն է հասցրել բոլոր տնտեսվարողներին։ «Ucom-ը, ինչպես ցանկացած ընտանիք, ունեցել է իր կորուստները, որոնցից ամենացավալին՝ բանիմաց, արհեստավարժ, երիտասարդ մասնագետների կորուստն է», - նշել է Արա Խաչատրյանը։

Այնուամենայնիվ, գիտակցելով օրվա հրամայականը, ընկերությունը կենտրոնացել է կրթական նախագծերի վրա։ «Սեյվ դը չիլդրեն», «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի բազմաթիվ նախագծերի շրջանակներում Ucom-ը տրամադրել է կապի ծառայություններ, գաջեթներ։ Բացի այդ գործակցել է ԿԳՄՍ նախարարության հետ՝ ընկերության բոլոր բաժանորդներին տրամադրելով տասնյակ կրթական ռեսուրսների անվճար հասանելիություն։

Արա Խաչատրյանի խոսքով, Ucom-ը ջանացել է աջակցել նաեւ Հայաստանի մի շարք փոքր ու միջին տնտեսվարողների՝ իր բաժանորդներին պատմելով նրանց մասին։ Նախագիծն անվանվել է #թեւութիկունք։ Այդ նախագիծն իրականացնելու համար ներդրվել է ընկերության մարքեթինգային, ֆինանսական ու մարդկային ներուժի մի մասը։

Ընկերության գլխավոր տնօրենը խոսել է նաեւ 2021թ. պլանավորվող աշխատանքների մասին։ 2021-ին նախատեսված է ամբողջությամբ արդիականացնել շարժական ցանցը, որպեսզի հետագա տարիներին ընկերությունը պատրաստ լինի 5-րդ սերնդի ցանցի լիարժեք գործարկմանը։ Արդեն իսկ հունվարին ֆիքսված կապի բաժանորդներն էական փոփոխություն կտեսնեն տրամադրվող ծառայությունների որակի ու կայունության մեջ։ Նորացված թիմով ընկերությունը պատրաստվում է հանդես գալ նաեւ մրցակցային կոմերցիոն առաջարկներով։

Ճեպազրույցի ավարտին Արա Խաչատրյանը հիշեցրել է, որ այս պահին գործում են առաջարկներ թե՛ շարժական, եւ թե՛ ֆիքսված կապի բաժանորդների համար, ինչպես նաեւ գործում է առցանց ապառիկի հնարավորությունը Ucom-ի ինտերնետ խանութում։