16:13 | 09.12.20 | Նորություններ | 3248

«Կասպերսկի». Մոբայլ բանկային տրոյացիները գնալով ավելի քիչ են գրոհում հայաստանցի օգտատերերին

Մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների 2020-ի երրորդ եռամսյակում բախվել է հայաստանցի օգտատերերի 0,06%-ն այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,04%, իսկ Ադրբեջանում՝ 0,03%։

2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանն աշխարհում 9-րդ տեղն է  զբաղեցրել այն օգտատերերի բաժնի ցուցանիշով, որոնք ենթարկվել են մոբայլ բանկային տրոյացիների գրոհների։ Այդ ցուցանիշը կազմել է 0,1%. Այդ վնասաբեր ծրագրերը 2019-ի հուլիս-սեպտեմբերին Վրաստանում գրոհել են օգտատերերի 0,06%-ին, իսկ Ադրբեջանում՝ 0,08%-ին։

2020-ի ապրիլ-հունիսին Հայաստանում օգտատերերի 0,07%-ն է ենթարկվել մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների։ Վրաստանում նման գրոհների բախվել է օգտատերերի 0,04%-ը։ Ադրբեջանում գրանցվել է նույն ցուցանիշը։

Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, նույն տարվա երրորդ եռամսյակում ամենաշատը մոբայլ բանկային տրոյացիների գրոհների ենթարկվել են Ճապոնիայի՝ 1,89%, Թայվանի (Չինաստանի նահանգ)՝ 0,48%, եւ Թուրքիայի օգտատերերը՝ 0,33%.
Մոբայլ բանկային վնասաբեր ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը եւ սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաեւ համակարգը եւ հավելվածները մինչեւ արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։ Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով եւ չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում եւ բրաուզերներում։  

Մոբայլ օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որեւէ մեկին անհատական եւ բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում» են դա անել ի պատասխան  «շահավետ» առաջարկների։ Իսկ ցանկացած տրոյացուց եւ այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը եւ վնասաբեր կայքեր այցելությունը։