11:04 | 16.11.20 | Նորություններ | 2601

Արմեն Սարգսյան. «Բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու ներուժ ունենք, բայց դեռ ոչինչ չենք անում դրա համար»

Մենք այսօր բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու ներուժ ունենք, բայց դեռեւս ոչինչ չենք անում դրա համար, հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ նախօրեին տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:

«Մենք ապրում ենք դժվար, զգացական օրեր, օրեր, որոնք մեր ազգի համար բախտորոշ են: Մեզնից յուրաքանչյուրի սիրտը, հոգին լցված է անհանգստությամբ, դժվարությամբ,-ասել է նախագահը: -Սա երկար է տեւելու: Բայց սա ընդամենը մեր ժողովրդի պատմության դրվագներից մեկն է, առաջին անգամը չէ, որ ընկել ենք, պետք է մեր մեջ ուժ գտնենք, որ նորից ոտքի կանգնենք: Պետք է մտածենք հետագա անելիքների մասին»:

Հանրապետության նախագահը կարեւոր է համարել կատարված սխալների ու բացթողումների վերլուծությունը եւ աշխատանքը երկրի հզորացման ուղղությամբ. «Եթե վերլուծենք, թե ինչ սխալներ ենք արել, եւ որտեղ են դրանց աղբյուրները, կկարողանանք գալ ճիշտ եզրակացության, եւ դրանից հետո, եթե այնքան հանդուրժողականություն եւ հարգանք ունենք իրար հանդեպ, նստենք միասին ու մտածենք, թե որոնք են մեր տեսլականն ու ռազմավարությունը: Տեսլական ասելով նկատի չունեմ լավ, գեղեցիկ ցանկությունների ցանկ, այլ՝ հստակ պատկերացում՝ տեղափոխվենք 20 տարի հետո, գնահատենք, թե աշխարհը, տարածաշրջանն ինչպիսին է լինելու, մեր հարեւանները որտեղ են լինելու, եւ մենք որտեղ պետք է լինենք»:

Նա ընդգծել է, որ այս ուղղությամբ որոշ քայլեր արդեն իսկ նախաձեռնել է՝ մասնավորապես առանձնացնելով երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM նախաձեռնությունը: «Մենք այսօր բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու ներուժ ունենք, բայց դեռեւս ոչինչ չենք անում դրա համար,-ասել է նախագահ Սարգսյանը:- Երբ մենք Երեւանում մտածում ենք ATOM ծրագիր իրականացնելու մասին, դա միայն նրա համար չէ, որ աշխատանքային տեղեր բացվեն, գիտությունը զարգանա եւ այլն: Դա նաեւ նրա համար է, որպեսզի ուժեղ բանակ ունենանք, որովհետեւ այդ բանակն արդեն չի լինելու զինվորը: Մենք պետք է դառնանք 21-րդ դարի փոքր, բայց հզոր պետություն: Պետք է մտածենք ազգային միասնության մասին: Սփյուռքից մարդիկ գալիս են, օգնում են, «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար ուղարկեցին, բայց կարծում եք դա՞ է ճանապարհը: Ոչ: Ամեն սփյուռքահայ պետք է մտածի այս երկրի մասին, որպես իր տան մասին: Այդ առումով խոչընդոտները պետք է վերացնենք:
 
Ո՞վ է ասել, որ, երբ մեր լավագույն տաղանդավոր երեխաները, որ Գերմանիայում, Ֆրանսիայում, ամբողջ աշխարհում հաջողությունների են հասել բիզնեսի, քաղաքականության, կրթության մեջ, իրավունք չպետք է ունենան գալ եւ այստեղ նախարար դառնալ, որովհետեւ պետք է 4 տարի այստեղ ապրեն եւ ՀՀ քաղաքացի լինեն: Մեր ամենամեծ ռեսուրսը մեր մարդիկ են: Պետք է ստեղծենք բոլոր հնարավոր պայմանները, որ երիտասարդ տաղանդավոր հայերը, որոնք կրթություն են ստացել, փորձառություն են ձեռք բերել դրսում, գան, օգնեն Հայաստանին»:

Նախագահի խոսքով՝ լինելով փոքր երկիր, Հայաստանը պետք է բացվի աշխարհի համար, նոր բարեկամներ ու հնարավորություններ ստեղծի. «Բացվենք սփյուռքի, աշխարհի համար: Այս աշխարհում լավ աշխատելով կարող ենք նոր բարեկամներ եւ նոր կապեր գտնել ու հավասարակշռել: Հնարավորություններ կան»: