12:56 | 12.10.20 | Նորություններ | 2216
Կիբեռ պատերազմներն այսօր իրականություն են, եւ դրանք ամենուր են, ինչպես, օրինակ, ադրբեջանական կողմից թուրքական եւ իսրայելական դրոնների օգտագործումն է:
Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նախօրեին Երեւանում մեկնարկած «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովի» ընթացքում:
«Կիբեռանվտանգությունը կարող է վտանգ լինել նաեւ միջուկային տեսանկյունից: Այստեղ խոսվեց միջուկային անվտանգության մասին: Որպես հայ եւ Հայաստանի նախագահ՝ ինձ համար շատ անհանգստացնող է ադրբեջանական կողմից լսել, որ եթե պատերազմը շարունակվի, նրանք կհարվածեն Հայաստանի ատոմակայանին: Սա բացարձակ անընդունելի է, քանի որ Լեռնային Ղարաբաղի շուրջ փոքր հակամարտությունը կարող է վերածվել տարածաշրջանային եւ համաշխարհային աղետի, մեկ այլ Չեռնոբիլի, եթե նրանք հարվածեն ատոմակայանին: Իսկ դրանից կտուժի ոչ միայն Հայաստանը, այլեւ բոլորը: Իսկ նրանք կարող են հարված հասցնել ոչ միայն մեխանիկական, այլեւ էլեկտրոնային զենքի միջոցով՝ կիբեռհարվածով»:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ապագայի համար ինչ-որ բան զարգացնելու համար հիմքում պետք է դնել մարդկային արժեքները. «Մեր կյանքում կան արժեքավոր բաներ, որոնք չեն փոխվում ժամանակի կամ տարածության մեջ: Եվ դրանց հիմքում ընկած արժեքները, հաստատունները մեր մարդկային արժեքներն են»:
Գագաթնաժողովին նոր աշխարհի մարտահրավերների համատեքստում կարեւորվել է պարենային անվտանգության, կրթության, առողջապահության ոլորտների դերը, քննարկումներ են ծավալվել այդ ոլորտների զարգացման հեռանակարների վերաբերյալ: