20:13 | 27.09.20 | Նորություններ | 25034
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի Տրանսպորտի, Կապի եւ Բարձր Տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանում սահմանափակվում է ինտերնետի հասանելիությունը՝ հնարավոր սադրանքներից խուսափելու նպատակով։
Ինտերնետի ադրբեջանական օգտատերերը նշում են նաեւ սոցիալական ցանցերի համատարած արգելափակումների մասին։
ՀՀ Ինտերնետ Կառավարման Խորհուրդը խստորեն դատապարտում է ինտերնետի ազատության, տեղեկատվության տարածման, մարդկանց ազատ կամարտահայտման խոչընդոտելու այս քայլը։ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ի առավոտյան սանձարձակված ռազմական գործողությունների պայմաններում Ադրբեջանի բնակչությունը պետք է հնարավորություն ունենա տեղական եւ միջազգային աղբյուրներից ստանալու հավաստի եւ բազմակողմանի տեղեկատվություն, հետեւելու տեղեկատվական հոսքերին՝ օբյեկտիվ կարծիք ձեւավորելու եւ արտահայտելու համար։
ՀՀ Ինտերնետ Կառավարման Խորհուրդը կոչ է անում ինտերնետ կառավարման ոլորտում գործող գործընկերներին՝ այդ թվում Ինտերնետ հասարակությանը (Internet Society), ICANN, RIPE NCC, Facebook, Google արտահայտել իրենց կարծիքը Ադրբեջանում տեղի ունեցող ինտերնետի սահմանափակումների վերաբերյալ, միջազգային ատյաններում դատապարտել նման վարվելակերպը, Ինտերնետի ազատության սահմանափակումները, մարդու հիմնարար իրավունքների սահմանափակումները։