16:43 | 16.09.20 | Նորություններ | 12617

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Սյունիքում հերթական գյուղն է լուսավորվել

Վաղատին գյուղում փոխվել է երեկոյան ժամերին մթության մեջ խարխափելու՝ երբեմնի իրականությունը: Վիվա-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) այստեղ եւս հետխորհրդային ժամանակներից առկա խնդիր են լուծել:

Վաղատինում տեղակայվել է փողոցային լուսավորության՝ լուսադիոդային (LED) 37 լուսարձակից բաղկացած համակարգ: Գյուղի հիմնական փողոցները՝ շուրջ 1400 մ երկարությամբ տարածք, արդեն էներգախնայող ու բնապահպանական տեսանկյունից մաքուր LED-երով են ապահովվել: Մարզկենտրոնից 118 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրում սա կարեւոր ձեռքբերում է՝ համայնքային բյուջեն խնայելու եւ մարդկանց հոգեբանորեն աջակցելու տեսանկյունից:

Լուսավորության ժամանակակից համակարգը  գործարկվել է: Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը պաշտոնական բացմանը մասնակցել է փոքր-ինչ այլ ձեւաչափով՝ տեսազանգով:  
 
«Ծրագրի իրականացման ընթացքում պարզել ենք, որ շատ գյուղերում ենթակառուցվածքներ չկան, իսկ որոշ բնակավայրերում դրանք այնքան հին են, որ պիտանի չեն շահագործման: Մեր գործընկերների հետ ձգտում ենք օգտակար լինել եւ աստիճանաբար պայմաններ ստեղծել՝ գյուղերում դրական տեղաշարժ ապահովելու համար: Այս համակարգն աշխատում է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Այժմ դուք տեսնում եք ծրագրի արդյունքը՝ լուսավորությունը: Տարիներ անց կզգաք նաեւ համակարգի ներդրման ավելի կարեւոր՝ երկարաժամկետ արդյունքը: Նախ կկրճատվեն ծախսերը, տնտեսված բյուջետային միջոցները կծառայեն օգտակար այլ նախաձեռնության, իսկ բնապահպանական արդյունավետությունը կարձանագրվի տարիներ անց: Ցանկացած դրական տեղաշարժ նպաստելու է, որ նոր ձեռքբերումներ լինեն»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Վաղատին բնակավայրի վարչական ղեկավար Շահեն Գրիգորյանը եւ համայնքի բնակիչները, տեսազանգի միջոցով ներկայացրել են նախկին խնդիրներն ու համակարգի գործարկումից հետո արձանագրված արդյունքը:

Բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսարձակներն, ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների, սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա եւ ծառայում են կրկնակի արդյունավետությամբ. LED լամպերն ավելի դիմացկուն են եւ անհամեմատ ավելի երկար են  ծառայում, քան սովորական էլեկտրական լամպերը:

Ամռան ամիսներին Վաղատինում փողոցները լուսավորված կլինեն 21:00-ից մինչեւ 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 00:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ը չափազանց կարեւոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման եւ համայնքային զարգացման: