11:15 | 16.09.20 | Նորություններ | 2067
Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,3%-ը 2020թ. երկրորդ եռամսյակում բախվել է համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որոնք նախատեսված են բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով փող գողանալու համար։
Վրաստանում եւ Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմել է 0,9%.
Հայաստանում այն օգտատերերի բաժինը, որոնք 2019-ի երկրորդ եռամսյակում ենթարկվել են ֆինանսական համակարգչային գրոհների, կազմել է 0,5%, իսկ Վրաստանում եւ Ադրբեջանում 0,7%։
2020-ի ապրիլ-հունիսին ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված օգտատերերի աշխարհում ամենամեծ բաժինը գրանցվել է Թուրքմենստանում՝ 7,5%, որին հաջորդում են Ուզբեկստանը (5,7%) եւ Տաջիկստանը՝ (5,6%)։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, 2020-ի երկրորդ եռամսյակում հետ են մղվել աշխարհի 181 725 օգտատերերի համակարգիչներում վնասաբեր բանկային ԾԱ-ի գործարկման փորձեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 228 206-ի փոխարեն։
Կիբեռհանցագործները դեպի օգտատերերի բանկային ռեկվիզիտներ եւ փողեր ճանապարհ են հարթում բանկերի, համացանցային խանութների եւ վճարային համակարգերի կեղծ վեբ-էջեր ստեղծելու, ինչպես նաեւ սպամի, ֆիշինգի եւ ստեղնաշարային լրտես ծրագրերի միջոցով։ Նրանց հիմնական նպատակն է օգտատերերին դրդելը, որ նրանք տնային եւ կորպորատիվ համակարգիչներ ներբեռնեն բանկային տրոյական ծրագրեր, որոնք չարագործներին են ուղարկում բանկային քարտերի եւ վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունը։
Փորձագետները համարում են, որ տրոյական ծրագրերից լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը եւ վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը 100%-ով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։ Հարկ է մշտապես նորացնել ծրագրային ապահովումը. ցանցահեններն օգտագործում են ծրագրերի պաշտպանական համակարգերի հայտնի սողանցքները եւ դրանցով համակարգիչ են ուղարկում տրոյական ծրագրեր։ Լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Այդ ԾԱ-ն, կանոնավոր կերպով նորացնելու պայմանի կատարման դեպքում, սքանավորում է համակարգը տրոյացիների հայտնաբերման համար եւ ավտոմատ ստուգում ցանկացած ծրագիր կամ գործարկվող ֆայլ։