16:27 | 15.09.20 | Նորություններ | 3280
CyHub Armenia նախաձեռնությունն ընդունում է հայտեր՝ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող կիբեռանվտանգության աքսելերացիոն ծրագրին մասնակցության համար:
Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ISTC-ի, CISCO-ի եւ IBM-ի աջակցությամբ:
Ծրագրին կարող են դիմել ինչպես տեղական, այնպես էլ վաղ շրջանի միջազգային ստարտափները, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ կիբեռանվտանգության ոլորտում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է: Հայտաձեւը հասանելի է այստեղ:
Առցանց ծրագիրը կտեւի 3-4 ամիս: Ընտրված ստարտափների հետ կտարվի անհատական աշխատանք, ինչպես նաեւ կտրամադրվի աջակցություն՝ ֆինանսավորման աղբյուրներ գտնելու համար:
Թիմերի հետ աշխատելու են փորձառու մենթորներ Հայաստանից եւ արտերկրից, այդ թվում՝ Facebook-ի անվտանգության ինժեներ Ռայան Կազանչյանը, SparkLabs Cyber+Blockchain-ի կառավարող գործընկեր Բրայան Փարկը եւ Xage Security ընկերության համահիմնադիր եւ պրոդուկտների գծով փոխտնօրեն Ռոման Արուտյունովը։
Աքսելերացիոն ծրագրի շրջանակում CyHub Armenia-ն կհամագործակցի հանրահայտ SparkLabs աքսելերատորի հետ, որի հետ օրեր առաջ ստորագրել է համագործակցության հուշագիր: Վերջինս ծրագրի մասնակիցներին կտրամադրի հասանելիություն իր ռեսուրսներին, դասընթացների եւ կրթական այլ նախաձեռնությունների միջոցով կօգնի ուսումնասիրել ոլորտի լավագույն միջազգային փորձը: Աքսելերացիոն ծրագրի ավարտին կկազմակերպվի Դեմո օր:
«CyHub Armenia-ն ուրախ է իր գործընկերների հետ կազմակերպել այս ծրագիրը, որի նպատակն է հիմնադրման վաղ փուլում աջակցել կիբեռանվտանգության ոլորտի ստարտափներին: Ընդունվում են հայտեր կիբեռանվտանգության բոլոր ուղղություններով: Ուրախ կլինենք տեսնել ինժեներական ուղղվածության կիբեռանվտանգության լուծումներ, այդ թվում՝ արդյունաբերական իրերի ինտերնետ, 5G եւ այլն»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար, CyHub Armenia նախաձեռնության համակարգող Մարի Բարսեղյանը: