15:15 | 11.09.20 | Նորություններ | 4052

ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ՝ կանանց համար

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) սկսում է կանանց հզորացմանն ուղղված «Կին ծրագրավորողներ» ծրագիրը, որի շրջանակներում կանանց համար կկազմակերպի ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով աշխատանք գտնել։

Դիմել կարող են 18 տարին լրացած կանայք, որոնք հանդիսանում են Հայաստանի քաղաքացի։ Ընդունելությունը բաց է մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Ընդունելությունը բաղկացած է երեք փուլից՝ դիմումի բովանդակություն, թեստավորում եւ հարցազրույց։ Դիմում-հայտը հասանելի է այստեղ:
 
Ծրագիրը բաղկացած է հետեւյալ յոթ բաղադրիչներից․

- Դասընթաց․ դասընթացները կտեւեն մինչեւ հինգ ամիս՝ կախված մասնագիտությունից։ Մասնակիցը կարող է դիմել առաջարկվող մասնագիտություններից միայն մեկին`ՏՏ նախագծերի կառավարում (IT Project Management)․ սույն մասնագետները պատասխանատու են ՏՏ նախագծի պլանավորման, կազմակերպման, բյուջետավորման, վերահսկման եւ ծրագրի հաջողակ իրականացման համար։ Նրանք պետք է ունենան անգլերենի որոշակի իմացություն, մարդկանց հետ շփվելու եւ հաղորդակցվելու կարողություն եւ ցանկություն, ինչպես նաեւ կազմակերպչական հմտություններ։ Ցանկալի է, որպեսզի այս դասընթացի դիմորդներն ունենան որոշակի աշխատանքային փորձ, սակայն այն կարող է լինել նաեւ այլ ոլորտներում, քանի որ ծրագիրը սկսնակների համար է նախատեսված։

Որակի ապահովում (Quality Assurance)․ ՏՏ կազմակերպության կառուցվածքում պատասխանատու օղակներից մեկն է, որն իր գործունեությամբ ստեղծվող պրոդուկտի համար ներդնում եւ գործարկում է հիմնավորված ստուգման մեխանիզմներ՝ արված աշխատանքի որակը ստուգելու համար։ Թեստավորվում են պրոդուկտի ֆունկցիոնալ եւ ոչ ֆունկցիոնալ հատկությունները։ Այս դասընթացի դիմորդները պետք է օժտված լինեն տրամաբանությամբ, համբերությամբ, ունենան սուր աչք եւ սխալները շուտ տեսնելու հատկություն։

Ռեակտ ՋեյԷս (React JS)․ հայաստանյան աշխատաշուկայում ամենապահանջված ծրագրավորման լեզուներից մեկն է։ Այս դասընթացին մասնակցելու համար խրախուսվում է մաթեմատիկայի հմտություններ, տրամաբանական խնդիրների լուծման ունակություններ, անգլերենի որոշակի իմացություն, իսկ Ջավա Սկրիպտի գիտելիքները ցանկալի են, բայց ոչ պարտադիր։

- Փորձագետների հետ խորհրդատվություն․ մասնակիցներին հնարավորություն կընձեռվի մասնագիտական խորհրդատվություններ ստանալ սփյուռքի մեր լավագույն փորձագետների կողմիցեւ կապեր հաստատել նրանց հետ։

- Փափուկ հմտությունների (Soft skills) զարգացում․ մասնակիցները կօգտվեն ՀԲԸՄ–ի պատրաստած կարճ դասընթացներից, ինչպիսիք են, օրինակ՝ գործնական էթիկա, քննադատական մտքի ձեւավորում, ֆինանսական գրագիտություն, ինքնավստահության ձեռքբերում, ներկայացման հմտություններ եւ այլն։

- Վկայական․ ավարտական քննությունները հաջող հանձնած մասնակիցները կստանան հավատարմագրված վկայականներ։

- Կրթաթոշակներ․ վեց լավագույններին կտրվեն կրթաթոշակներ՝ հետագա կրթական առաջընթացը խրախուսելու նպատակով։

- Փորձաշրջան․ կրթական փուլի ավարտից հետո մասնակիցները փորձաշրջան կանցնեն Հայաստանի լավագույն ՏՏ կազմակերպություններում։ Փորձաշրջանը կտեւի մինչեւ վեց ամիս, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ամրապնդել ձեռք բերած գիտելիքները, իսկ իրենց փայլուն դրսեւորելու դեպքում՝ աշխատանքի անցնել նույն կազմակերպություններում։

- ՀԲԸՄ–ի շրջանավարտների ցանց․ ՀԲԸՄ–ի «Կին ծրագրավորողներ» ծրագրի մասնակիցները կդառնան ՀԲԸՄ–ի մյուս ծրագրերի շրջանավարտների ցանցի մի մասը։ Այս ցանցը հնարավորություններ է ստեղծում մասնակցել տեղական եւ միջազգային բարձրակարգ մասնագետների կողմից կազմակերպվող աշխատանքային խմբերին, սեմինարներին եւ ավելի զարգացնել սեփական հմտությունները։