12:48 | 11.09.20 | Նորություններ | 3230

ԱՏՁՄ-ն նոր գործադիր տնօրեն ունի

Սեպտեմբերի 8-ին կայացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նիստը, որի ընթացքում գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է Րաֆֆի Քասսարջյանը:

Տեղի ունեցած ընտրությունների ընթացքում թեկնածուները ներկայացրել են ԱՏՁՄ զարգացման իրենց տեսլականներն ու ծրագրային դրույթները:  

«Րաֆֆի Քասսարջյանը, հենվելով ՏՀՏ ոլորտում ունեցած իր բազմամյա փորձի ու ԱՏՁՄ արժեքներին քաջածանոթ լինելու հանգամանքի վրա, հաջողությամբ կյանքի կկոչի միության զարգացման իր տեսլականը։ Նա, վստահաբար, կամրապնդի ու նոր հաջողություններ կարձանագրի այն նախագծերում, որոնք այս տարիների ընթացքում իրականացնում է միությունը՝ հիմքում ունենալով Կարեն Վարդանյանի թողած նշանակալի ժառանգությունն ու ԱՏՁՄ ավանդույթները»,- նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«Մոտ երկու տասնամյակ ԱՏՁՄ-ն, մեր շատ սիրելի Կարեն Վարդանյանի ղեկավարությամբ, կարեւորագույն դեր է ունեցել Հայաստանում տեխնոլոգիաների բնագավառի զարգացման գործում։ Տարիներ ի վեր լինելով ԱՏՁՄ համայնքի եւ խորհրդի անդամ՝ հաճույքով պատրաստ եմ ստանձնել գործադիր տնօրենի պաշտոնը։ Ակնկալում եմ արգասաբեր աշխատանք մեր խմբի, վարչության, անդամների եւ կառավարական, կրթական, միջազգային կազմակերպությունների եւ մասնավոր համագործակիցների հետ՝ ստեղծելու զարգացման հաջորդ փուլի արդյունավետ միջավայր մեր ոլորտի, եւ իհարկե, Հայաստանի առաջխաղացման համար»,- նշել է նորընտիր գործադիր տնօրենը։

Րաֆֆի Քասսարջյանը Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ է. ունի միջազգային հարաբերություններում բակալավրի եւ բիզնես ադմինիստրացիայի ոլորտում մագիստրոսի աստիճաններ։ Աշխատել է մի շարք ամերիկյան ու հայկական ընկերություններում՝ ձեռք բերելով ապրանքային կառավարման, ռազմավարական նախագծման ու գործադիր կառավարման փորձ։  

Ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «DASAR, INC» (Պալո Ալտո), «ARAGAST B Software» (Երեւան), «ACCENTURE» (Սան Ֆրանցիսկո), «FAIR ISAAC CORPORATION» (Սան Ռաֆայել), «ICON COMMUNICATIONS» (Երեւան), «CONVERSE BANK/CORPORACION AMERICA» (Երեւան), «MONITIS INC/TEAMVIEWER ARMENIA» (Երեւան) ընկերություններում՝ նպաստելով վերջիններիս առաջընթացին։ 2020թ. փետրվարին հիմնել է «SENSYAN LLC» խորհրդատվական ընկերությունը։