12:38 | 09.09.20 | Նորություններ | 1620

    Սփյուռքահայ մասնագետները իրենց փորձը կներդնեն ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը եւ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել են տվյալագիտության մասնագետ Մեղրիկ Այիթյանին Ավստրիայից եւ ինժեներ-բալիստիկ Րաֆֆի Գյուրջյանին ՌԴ-ից, ովքեր «իԳործ» ծրագրի շրջանակներում միանալու են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թիմին որպես փորձագետներ:

    ՀՀ ԲՏԱ նախարարությանը միանալ ցանկացող 50 մասնակիցների հետ արված հարցազրույցներից հետո ընտրվել են առավել համապատասխան փորձառություն ունեցող 9 հայրենակիցներ:

    «իԳործ» ծրագրի առաքելությունն է հայրենադարձության` մասնավորապես մասնագիտական հայրենադարձության խթանումը եւ այն իրականացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ:

    Հանդիպման ավարտին Վիկտորիա Պողոսյանը նոր գործընկերներին ներկայացրել է իրենց ղեկավարներին, մենթորներին, որոնց ուղեկցությամբ փորձագետները ծանոթացել են աշխատանքային պայմաններին ու անցել գործի՝ հետեւելով «իԳործ» ծրագրի կարգախոսին:

    Առաջին փուլի արդյունքներով թվով 24 մասնագետներն արդեն Հայաստանում են: Նրանք ժամանել են Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից Իսրայելից, Նիդերլանդներից, Չինաստանից:

    Ընդհանուր առմամբ, շուրջ 100 մասնագետներ սփյուռքից կհամալրեն պետական կառավարման համակարգը` բերելով իրենց հետ արտասահմանյան փորձն ու խորացնելով, թե՛ գործընկերների, թե՛ իրենց մասնագիտական գիտելիքները: