16:16 | 07.09.20 | Նորություններ | 1282
Այս մասին ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ սեպտեմբերի 4-5-ը Արաբական Միացյալ Էմիրությունների եւ ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) համանախագահությամբ կազմակերպված՝ Արտադրության եւ ինդուստրացման գլոբալ առցանց գագաթնաժողովի (GMIS2020) ընթացքում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել գագաթնաժողովի՝ «Վերականգնելով բարեկեցությունը հետհամավարակային աշխարհում» խորագրով քննարկմանը:
Արմեն Սարգսյանը նշել է, որ մարդկությունը մեծ փոխակերպումների փուլ է ապրում:
«Ֆրենսիս Ֆուկույաման խոսում էր քաղաքակրթության ավարտի մասին: Թերեւս նա սխալ էր, սակայն, միեւնույն ժամանակ, նա նաեւ ճիշտ էր այն առումով, որ նախկին քաղաքակրթության պատմությունը մոտենում է իր ավարտին: Մենք մուտք ենք գործում նոր քաղաքակրթություն: Այդ քաղաքակրթությունը կամ մեր զարգացման նոր դարաշրջանը ես անվանում եմ քվանտային աշխարհ, աշխարհ, որտեղ յուրաքանչյուր անհատ կամ մասնիկ դառնում է շատ զորեղ, աշխարհ, որտեղ փոքրը կարող է լինել ոչ միայն գեղեցիկ, այլ նաեւ՝ հզոր: Այդ տեսանկյունից, եթե մենք դիտարկում ենք արդյունաբերական հեղափոխությունը, ես դա անվանում եմ ոչ թե 4-րդ արդյունաբերական հեղափոխություն, այլ՝ սրընթաց զարգացման նոր դարաշրջան, ոչ թե հեղափոխություն, այլ՝ սրընթաց էվոլյուցիա»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Նրա խոսքով, հեղափոխությունները հաջորդելու են մեկը մյուսին, դրանք լինելու են արդյունաբերական, գիտական, տեխնոլոգիական:
«Դրա արդյունքում մենք մշտական փոփոխությունների փուլում ենք լինելու՝ միգուցե, ունենալով անկայունության զգացում, սակայն, միեւնույն ժամանակ, մենք մուտք ենք գործելու մի նոր, մեծ աշխարհ: Ուստի, գուցե Ֆուկույաման ճիշտ էր այն իմաստով, որ մենք այժմ նոր քաղաքակրթական հանգրվանում ենք՝ սկսած 21-րդ դարասկզբից: Անշուշտ, մենք օգտագործում ենք գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում կուտակած գիտելիքը, ինչպես նաեւ 20-րդ դարի զարգացումների արդյունքները»:
Նրա խոսքով, եթե հասարակությունը դիտարկենք որպես գնացք, ապա ավելի լավ է մոտ լինել լոկոմոտիվին, քան լինել այդ գնացքի ետնամասում:
«Դրան հասնելու համար ես, ակնհայտորեն, պետք է մեծ աշխատանք տանեմ, մեծ ներդրում ունենամ: Դրա համար կա մի պարզ, հին լուծում՝ ներդրում կատարել կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտներում: Սա քվանտային աշխարհ է, որտեղ անհատը շատ բան կարող է անել, եւ ամենեւին կարեւոր չէ, թե որտեղից է այդ անհատը գալիս՝ Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից, Ասիայից, թե Եվրոպայից: Ուստի, ներդրումներ կատարեք կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում, դարձրեք ձեր երկիրը քվանտային աշխարհում միջազգային ընտանիքի իրական անդամ: Սա է ուղերձը»,- նշել է նա: