11:17 | 02.09.20 | Նորություններ | 1882

Kaspersky Safe Kids-ը կօգնի պաշտպանել երեխաներին YouTube-ի անցանկալի բովանդակությունից

«Կասպերսկի» ընկերությունն իր մանկական առցանց անվտանգության Kaspersky Safe Kids լուծման մեջ ավելացրել է «Անվտանգ որոնում YouTube-ում» գործառույթը։

Այն լրացնում է տեսահոսթինգի զտման սովորական հնարավորությունները՝ այն դարձնելով պատանի օգտատերերի համար էլ ավելի անվտանգ ծառայություն։

Լուծումը կօգնի երեխաներին զերծ պահել անցանկալի բովանդակությունից, որը կապված է դաժանության կամ անպարկեշտ բառապաշարի հետ, ինչպես նաեւ թույլ կտա սահմանափակել ալկոհոլի, ծխելու մասին կամ մեծահասակների համար տեսահոլովակների որոնումը։



Այսօր երեխաներն ու դեռահասները կազմում են YouTube-ի հիմնական լսարաններից մեկը. «Կասպերսկի» ընկերության նոր հարցման տվյալներով՝ երեխաների 45 տոկոսն ունի օգտահաշիվ այդ ծառայությունում (2020 թվականին Ռուսաստանում հարցվել են 506 ծնողներ եւ նրանց դպրոցական եւ նախադպրոցական տարիքի երեխաներ)։ Սակայն, կրթական, զարգացնող եւ անվնաս խաղային տեսահոլովակների հսկայական քանակի հետ միասին հարթակում առկա են նյութեր, որոնք կարող են բացասաբար ազդել պատանի օգտատերերի վրա։

Kaspersky Safe Kids-ի գործառույթն ավտոմատ կերպով որոշում է, թե  տեսահոսթինգի ինչ հարցումներ է մուտքագրում երեխան բրաուզերում (Windows-ում, Android-ում եւ iOS-ում) կամ Android-ի համար YouTube-ի պաշտոնական հավելվածում։ Եթե հարցումը վերաբերում է վեց կատեգորիաներից մեկին՝ ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութեր, հայհոյանքներ, ռասիզմ կամ մեծահասակների համար տեսանյութեր, հարցման արդյունքների փոխարեն երեխան կտեսնի նախազգուշացում, որ թեման անվտանգ չէ։

Բացի այդ, ծրագիրը թույլ է տալիս ծնողներին տեղյակ լինել YouTube-ում երեխայի որոնման պատմությանը եւ կտեղեկացնի, եթե նա այնտեղ կասկածելի բան է փնտրել։

«Երեխան կարող է չգիտակցել, թե որ բովանդակությունն է իրեն վնասելու, իսկ ծնողները միշտ չէ, որ հնարավորություն ունեն հետեւել, թե ինչ տեսանյութեր են փնտրում իրենց որդին կամ դուստրը։ Մկնիկով յուրաքանչյուր շարժումը վերահսկելը կամ հանրաճանաչ տեսահարթակների օգտագործումն ընդհանրապես արգելելը լավագույն տարբերակը չէ. ահա թե ինչու այստեղ արժե օգտվել տեխնիկական լուծումներից' ինչպես նրանցից, որոնք ներկառուցված են բուն ծառայությունում, այնպես էլ մանկական առցանց անվտանգության  մասնագիտացված ծրագրերից: Սակայն, ամեն դեպքում, կարեւոր է համալիր մոտեցում ցուցաբերել վիրտուալ աշխարհին երեխայի հաղորդակից դառնալու գործընթացին եւ զարգացնել նրա թվային գրագիտությունը. պատմել այն մասին, թե ինչ սպառնալիքների կարող է բախվել եւ բացատրել, թե ինչպես կարելի է խուսափել դրանցից»,- նշել է «Կասպերսկի»-ի համացանցում երեխաների անվտանգության ուղղության ղեկավար Անդրեյ Սիդենկոն։

«Կասպերսկի» ընկերությունը վերագործարկել է kids.kaspersky.ru կայքը՝ երեխաների թվային գրագիտությունը զարգացնելու գործում ծնողներին օգնելու համար։ Կայքում մեծահասակները կարող են նաեւ ավելին իմանալ ընկերության երեխաների առցանց անվտանգության Kaspersky Safe Kids ծրագրի մասին։