12:24 | 01.09.20 | Նորություններ | 1856
«Այբ» դպրոցը ներկայացնող VR Lab թիմը դարձել է «Սերունդ առանց սահմանների» մրցույթի երկրորդ փուլի հաղթող։ Մրցույթի երկրորդ փուլ է անցել նաեւ «Խոսք խոսքի» թիմը, որի կազմում է «Այբ»-ի շրջանավարտ Մարիամ Ղազարյանը։
Հայաստանից այս երկու թիմերը կներկայացնեն իրենց նախագծերը ԱՄՆ-ում կազմակերպվող համաշխարհային մրցույթին եւ կմրցեն այլ երկրների թիմերի հետ՝ մինչեւ $20 հազ. դրամաշնորհ ստանալու եւ գաղափարների ինկուբատոր ծրագրին մասնակցելու հնարավորության համար։
«Սերունդ առանց սահմանների» մրցույթը Հայաստանում անցկացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ, որին միացել էին «Այբ» կրթական հիմնադրամը եւ UWC Dilijan քոլեջը:
«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբում ձեւավորված VR Lab թիմի նորարարական նախագիծը VR ակնոցներ ստեղծելու մասին է, որոնց շնորհիվ Հայաստանի մարզերի ու Երեւանի 12-17 տարեկան աշակերտներից շատերն իրենց դպրոցներում չունեն լաբորատորիա կամ բավարար պայմաններ՝ քիմիայի գործնական դասեր իրականացնելու համար: Թիմն առաջարկում է քիմիական ուսուցողական փորձերի ծրագրով համալրված վիրտուալ ակնոցներ, որոնց միջոցով երեխաները կկարողանան ճշգրիտ փորձեր կատարել` առանց համապատասխան նյութերի եւ սարքավորումների առկայության։
«Խոսք խոսքի» թիմն առաջարկել է լսողական խնդիր ունեցող երեխաների խոսքի զարգացմանն ուղղված նախագիծ, որն իրենից ներկայացնում է սուրդոմանկավարժական աշխատանքի ժամանակ օգտագործվող երաժշտական գործիքների, հատուկ ձայնային խաղալիքների, ուսուցողական նյութերի, ծնողական օրագրի եւ մեթոդական ձեռնարկների փաթեթ, որի մեթոդական մշակմանը, սուրդոմանկավարժների անհատական տարբերակների միատեղմանը եւ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքներին այն առաջարկելուն է ուղղված ծրագիրը:
GenU-ն համաշխարհային համագործակցություն է, որն աջակցում եւ ոգեւորում է երիտասարդներին հանրօգուտ գործունեություն ծավալել: Նախաձեռնության նպատակը կրթության եւ զբաղվածության ընդլայնված հնարավորություններ ստեղծելն է 10-ից 24 տարեկան պատանիների եւ երիտասարդների համար: