10:10 | 27.08.20 | Նորություններ | 2172

Թումոն բացել է դռները Մոսկվայում

Օգոստոսի 26-ին Մոսկվայում բացվել է թվով 3-րդ միջազգային Թումո կենտրոնը:

Փարիզից ու Բեյրութից հետո Մոսկվայի պատանիները հնարավորություն կունենան ծանոթանալ Թումոյի ծրագրին ու հմտանալ մի շարք ժամանակակից ոլորտներում:

Թումոյի եւ Genome Ventures ընկերության համագործակցության արդյունքում Մոսկվայի թումոցիները նախնական փուլում կկարողանան հմտանալ հետեւյալ 8 ոլորտներում ՝ ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, խաղերի ստեղծում, երաժշտություն, ֆիլմերի ստեղծում եւ անիմացիա:


Ապագայում կբացվի եւս 6 ուղղություն՝ կայքերի ստեղծում, նկարչություն, լուսանկարչություն, նոր մեդիա, շարժական գրաֆիկա եւ ստեղծագրություն:

«Հատկանշական է, որ Մոսկվայում մենք հայտարարում ենք նորարարական հիբրիդային համակարգ` առցանց եւ կենտրոններում դասերի համադրություն, որը մենք վերջերս մշակեցինք` նոր իրականությանը հարմարվելու համար: Վստահ ենք, որ ծրագիրը, որն արդեն սիրվել է եվրոպացի պատանիների շրջանում, դուր կգա նաեւ Մոսկվայի պատանիներին: Հուսով ենք, որ սա Թումոյի ռուսաստանյան ընդլայնման միայն սկիզբն է»,- իր խոսքում նշել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Կենտրոնի պաշտոնական բացմանը ներկա է գտնվել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ով նշել է. «Վստահ եմ այստեղ սովորելու ձգտումը մեծ է լինելու»:

Նոր Թումո կենտրոնը տեղակայված է Մոսկվայի կենտրոնում, «Մոսկվա Սիթի» գործարար կենտրոնի հարեւանությամբ: Այն տեղակայված է առանձին շենքում` անհրաժեշտ բոլոր ուսումնական տարածքներով` ինքնուսուցման հարթակներ, դասընթացների սենյակներ, երաժշտական ստուդիա եւ այլն: Թումո Մոսկվայում սովորելու է շուրջ 2 000 ուսանող:


Ուսումը վճարովի է, սակայն կենտրոնը տարեկան մեծ թվով դրամաշնորհներ է հատկացնելու անվճար ուսուցման համար:

Դասընթացները մեկնարկելու են հոկտեմբերին: Մանրամասների եւ գրանցման համար կարող եք այցելել www.tumomoscow.ru:

Մինչեւ տարվա ավարտը պլանավորվում է եւս 2 միջազգային Թումո կենտրոնի բացում` Բեռլինում եւ Տիրանայում: