15:03 | 24.08.20 | Նորություններ | 13014
Այս ամառ Ucom-ը «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հետ գործակցությամբ մեկնարկել է «Աշակերտական առաջնորդության» 3-շաբաթյա առցանց ճամբարը, որի նպատակն է աշակերտների շրջանում խթանել իրենց համայնքների զարգացման գաղափարների հոսքը, սերմանել քաղաքացիական պատասխանատվություն եւ կապ ստեղծել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իրենց հասակակիցների հետ։
Ucom-ը Հայաստանի 24 համայնքներից 370 ճամբարականի մասնակցության համար տրամադրել է ինտերնետ հասանելիությամբ SIM-քարտեր։
Ճամբարի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել մասնակցելու Ucom-ի գործադիր ղեկավարների մասնագիտական զարգացման առցանց դասընթացներին եւ խմբերով աշխատել իրենց համայնքների կարիքներից բխող «Համայնքային ներազդեցության» ծրագրերի մշակման վրա։
Աշակերտական բազմաթիվ ծրագրերից Ucom-ը ֆինանսավորելու է Արմավիր մարզի Բագարան համայնքի աշակերտների համայնքային ներազդեցության ծրագրի իրականացումը։ Բագարանի միջնակարգ դպրոցի աշակերտներն առաջարկում են հիմնել թանգարան եւ իրենց կողմից մշակված կայք, որոնց միջոցով երեխաները պատրաստվում են ներկայացնել տեղական մշակութային ժառանգությունը։
«Այս վերջին ամիսներին Ucom-ը դժվարությամբ է ընտրել բոլոր նոր նախագծերն ու ծրագրերը, որոնց պետք է մասնակցի։ Սա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, այդ թվում՝ նաեւ COVID-19-ով, բայց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի այս ծրագրի իրականացմանը չէինք կարող չաջակցել։ Պետք էր ուղղակի տեսնել մեր ղեկավար անձնակազմի ոգեւորությունը, որով դասընթացներ վարեցին՝ աշակերտների հետ կիսվելով իրենց փորձով ու գիտելիքով։ Շնորհակալ եմ թե՛ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմին՝ այս հնարավորությունն ընձեռելու համար, եւ թե՛ մեր գործընկերներին՝ ինտերակտիվ առցանց դասընթացները կազմակերպելու համար»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
«Մարտից ի վեր, Հայաստանի կրթական ոլորտն անցավ էական փոփոխությունների միջով, երբ հարյուրավոր աշակերտներ զրկվեցին ուսումը շարունակելու հնարավորությունից։ Երախտապարտ ենք Ucom-ին` COVID-19-ի եւ թվային միջոցների սղության պատճառով ստեղծված բացը լրացնելու նպատակով մեր աշակերտներին ինտերնետ հասանելիությամբ ապահովելու համար»,- ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ռուիզ Կլարկը։
«Աշակերտական առաջնորդության առցանց ճամբար»-ին աջակցելը Ucom-ի եւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի միջեւ հաստատված գործակցության բաղադրիչներից է։ Հիմնադրամի նպատակն է Հայաստանի եւ Արցախի աշակերտներին ապահովել հավասար կրթական հնարավորություններով։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրում եւ վերապատրաստում է տաղանդավոր մասնագետների, ովքեր երկու տարով տեղափոխվում են դասավանդելու համայնքներում, իսկ Ucom-ը մասնակիցներին տրամադրում է ինտերնետ հասանելիություն եւ սմարթֆոններ։