13:49 | 12.08.20 | Նորություններ | 19460

«Նովաթել»․ «ՎԵՈՆ Արմենիա»-ի ձեռքբերմանը կմասնակցեն համաշխարհային համբավ ունեցող ընկերություններ

«Նովաթել» ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100 տոկոս բաժնեմասը ձեռք բերելու գործընթացին կմասնակցեն համաշխարհային համբավ ունեցող կազմակերպություններ, որոնց համաձայնությունն արդեն կա:

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Նովաթել» ընկերության գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը՝ հավելելով, որ այդ կազմակերպությունների անունները կհրապարակեն ավելի ուշ:

Խոսելով նորաստեղծ ընկերության հիմնադիրների մասին՝ Մինաս Երզնկյանը նշել է, որ իրենք գործարարներ են, որոնք ծնվել-մեծացել, կրթություն են ստացել Հայաստանում, աշխատել համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններում: Նրա խոսքով, ցանկանում են Հայաստանում ստեղծել զարգացած եւ մրցակցային կապ, ներկայացնել մատչելի սակագներ:



«Բարձր ենք գնահատում «ՎԵՈՆ Արմենիա»-ի տեխնիկական եւ սպասարկող անձնակազմի աշխատանքը: Ցանկանում ենք, որ 4G կապն արագ զարգանա ոչ միայն մեծ քաղաքներում, այլեւ մարզերում, սահմանային գոտում, որովհետեւ 3-5 տարի հետո 3G կապը ընդհանրապես կվերանա: Առաջիկա տարիներին բոլորս խոսելու ենք ինտերնետ կապով՝ 4G ցանցով, օրինակ, մեսենջերների միջոցով:

Մենք գտնում ենք, որ «ՎԵՈՆ Արմենիա»-ն Հայաստանում միակ ընկերությունն է, որը կարող է առանց ահռելի ծախսերի զարգացնել 4G կապը, մեծ կենտրոններում, ԲՈՒՀ-երում ներկայացնել 5G-ն եւ ցույց տալ դրա առավելությունը նախորդ սերնդի ցանցերի նկատմամբ, ինչպես նաեւ ապացուցել, որ այն անվտանգ է: Ի դեպ, 5G ցանցի բազային կայանները, եթե նախորդ սերնդի ցանցերի հետ համեմատենք, ավելի էժան են եւ որեւէ ֆինանսական խնդիր չեն առաջացնում»,- նշել է  «Նովաթել»-ի գործադիր տնօրենը:

Նա ընդգծել է, որ իրենց ընկերությունը կտրականապես դեմ է կրճատումներին, ավելին՝ գործարքի հաջող ավարտի դեպքում խրախուսման տարբեր մեթոդներ է մշակել աշխատակիցների համար. դրանց մասին կխոսեն ավելի ուշ:

«Այդպիսի կազմակերպությունների գնման գործընթացը շատ բարդ է, գոյություն ունեն սկզբնական պայմանավորվածություններ, նաեւ գաղտնիության մասին պայմանագիր, աուդիտ, վերջնական առաջարկ, դիմում կարգավորող մարմնին եւ հետո միայն սկսվում է վերջնական փուլը: Իրավունք չունեմ ասելու, թե այժմ որ փուլում ենք, քանի որ կա գաղտնիության մասին պայմանագիր, բայց, քանի որ այստեղ ենք, հետեւաբար՝ լուրջ գործընթացի մեջ ենք»,- ասել է Մինաս Երզնկյանը:

Նա հավելել է, որ «Նովաթել»-ը նոր ընկերություն է, որը բացվել է հատուկ «ՎԵՈՆ Արմենիա»-ի ձեռքբերման գործարքին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «ՎԵՈՆ Արմենիա»-ի բաժնետոմսերը գնելու մտադրության մասին հայտնել է «Թիմ» ընկերությունը։