17:34 | 07.08.20 | Նորություններ | 3807

Հակոբ Արշակյան․ 6000 մարդ վերապրոֆիլավորելու է դեպի տեխնոլոգիական ոլորտ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանին։

Նախարարը խոսել է նախարարության գործառույթների, այդ թվում՝ ռազմարդյունաբերության կոմիտեի գործուն աշխատանքների մասին, կարեւորել իրավական, գործառնական, պրակտիկ, բովանդակային առումներով ամեն մի վարչության ու աշխատակցի կողմից իր դիրքին համահունչ աշխատելու, ճիշտ օրենսդրական մեխանիզմներ կիրառելու անհրաժեշտությունը։

Հակոբ Արշակյանի խոսքով՝ նախարարության կողմից նախաձեռնողականությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրվում․ ունեցած ծրագրային բոլոր նախաձեռնությունները ինստիտուցիոնալացնելու գործառույթները գլխավոր քարտուղարի առաջիկա աշխատանքի ամենամեծ ճակատը պետք է լինի։

«Սա նախարարության այս տարվա լրջագույն մարտահրավերն է, որն իրականացնելու ենք բոլորս միասին, թե ռազմարդյունաբերության կոմիտեի, թե ընդհանուր առմամբ ԲՏԱ նախարարության տեսանկյունից»,- ասել է Հակոբ Արշակյանը։

Նախարարը նաեւ հայտնել է, որ ներկայում իրականացվում են նախադեպերը չունեցող ծրագրեր, ինչպիսիք են «Հայկական վիրտուալ կամուրջ»-ը, կրթական վերապատրաստման ծրագրերը, որոնց շնորհիվ 6000 մարդու հնարավորություն է տրվում վերպրոֆիլավորելու դեպի տեխնոլոգիական ոլորտ, նորարարական դրամաշնորհների ծրագիրը, ինժեներական քաղաքը, կիբերանվտանգության կենտրոնը եւ մի շարք այլ ծրագրեր։