15:36 | 06.08.20 | Նորություններ | 4695
Այսօր առցանց ստորագրվել է հայ-չինական «Խելացի գիտական քաղաքի» ստեղծման պայմանագիրը։
Ծրագրի կողմերն են՝ Չինաստանի Տեխնոլոգիաների Ակադեմիան, Չինաստանի Տեխնիկական Զարգացման Ընկերությունը եւ ԱԴԿԱՌՍ Հայաստանի Վերակառուցման եւ Զարգացման Գործակալությունը։
«Ծրագրի իրականացումը Հայաստանը կդասի աշխարհի ամենազարգացած երկրների շարքին։ Մեզ մի բացառիկ շանս է տրված վերականգնելու մեր երբեմնի գիտական, տեխնոլոգիական եւ տնտեսական հզորությունը, այն ամենը, ինչ մենք կորցրել ենք 90-ականնների սկզբին»,- ասել է ԱԴԿԱՌՍ-ի տնօրեն Սարգիս Գեւորգյանը։
Չինաստանի Տեխնոլոգիաների Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Յանգ Լինջիանն էլ ասել է, որ հիմնվելով Չինաստանի եւ Հայաստանի մարդկային, գիտական հնարավորությունների, պատմության եւ զարգացման վրա հնարավոր է ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք առաջատար կդառնան աշխարհում։
Հայ-չինական քաղաքում հիմնվելու են համատեղ ընկերություններ, որոնք աշխատելու են գիտական նորարարությունների, ինչպես նաեւ նորագույն տեխնոլոգիաների ստեղծման եւ զարգացման վրա։
Չինաստանը Հայաստանում «Խելացի գիտական քաղաքի» կառուցման նպատակով մի քանի միլիարդ դոլարի ներդրում կանի։