15:10 | 17.07.20 | Նորություններ | 2712
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ:
Հանդիպմանը մասնակցել են Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության հիմնադիր նախագահ, «Յունիքոմփ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Օնէքս» ՍՊԸ տնօրեն Սամվել Մարտիրոսյանը եւ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:
Ընկերությունների ղեկավարներն անդրադարձել են ոլորտի վրա համավարակի ազդեցությանը, երկրի համար գերակայություն հանդիսացող այս բնագավառի զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ՝ որակյալ կրթությանն, արտոնությունների տրամադրմանը, ժամանակակից ուղղություններին՝ տվյալների կառավարմանը, կիբեռանվտանգությանը:
Նրանք կարեւորել են նաեւ համագործակցությունը տեխնոլոգիաների զարգացմանը վերաբերող նախագահական նախաձեռնությունների եւ Տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից կազմակերպվող Silicon Mountains համաժողովի շրջանակներում:
Արմեն Սարգսյանը նշել է, որ ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի, որը պետք է ճիշտ օգտագործել՝ հաջողության հասնելու համար: Նախագահն առաջարկել է փոփոխվող աշխարհին նայել ուրիշ աչքերով, հասկանալ զարգացման միտումներն ու ուղղությունները եւ փորձել դիրքավորվել նորովի: Մասնավորապես անդրադառնալով հանդիպմանը քննարկված՝ տվյալների անվտանգության թեմային, նա ասել է, որ այն այսօր արժեքավոր ուղղություն է։
«Աշխարհը փոխվում է, եւ տվյալների դերը եւս փոխվում է՝ դառնալով այնքան դոմինանտ, որ վերածվում է նավթի նման արժեքավոր հումքի: Այս համատեքստում՝ շատերը չգիտեն՝ ինչ անել։ Բայց այս իրավիճակը նաեւ հնարավորություն է ստեղծում։ Այստեղ ճիշտ կլինի, որ մենք գործընկերներ ունենանք։ Պետք է համագործակցել այն ընկերությունների, մարդկանց հետ, ովքեր աշխարհում լավագույններն են։ Նրանց հետ համագործակցելով պետք է առաջ գնանք: Սա եւս հնարավորություն է, որ կարող ենք Հայաստանում զարգացնել»,- նշել է նախագահը:
Նրա խոսքով, հենց դրան է ուղղված նաեւ ATOM նախագահական նախաձեռնությունը, որի շրջանակում համագործակցության մասին արդեն իսկ նախնական պայմանավորվածություն կա 18 խոշորագույն ընկերությունների հետ, որոնք աշխարհի տեխնոլոգիական հսկաների թվում են՝ IBM-ը, Siemens -ը, Thales-ը, Dassault-ը, Safran-ը, Քեմբրիջի համալսարանի գիտական պարկը եւ այլն: «Գաղափարն այն է, որ փոքր լաբորատորիաներ ստեղծվեն, որոնք կզբաղվեն արհեստական բանականությամբ,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Ծրագիրն ունենալու է մի քանի բաղադրիչ. մեկը թանգարանն է, որը կոչվելու է Ապագայի թանգարան։ Լինելու են նաեւ համաժողովների կենտրոն եւ կրթական պլատֆորմ: Ուրախ կլինեմ միասին աշխատել»։
Նախագահը համաձայնել է հանդիպման մասնակիցների հետ, որ ոլորտի զարգացման հիմքը որակյալ կրթությունն է. «Եթե մեր կրթական համակարգը չբարձրացնենք միջազգային որակի՝ խիստ կարգապահության, պահանջկոտության մակարդակով, շատ դժվար է լինելու»։
Հանրապետության նախագահը կարեւորել է նաեւ Հայաստանի ներուժն ու հնարավորություններն արտերկրում պատշաճ ներկայացնելու խնդիրը, ինչի համար մեր երկրում համապատասխան ինստիտուտի, կամ, ինչպես նշվել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) եւ Հանրապետության նախագահի աշխատակազմի համատեղ պատրաստած փաստաթղթում, Արագ արձագանքման խմբի կարիք կա. «Մեր պատկերացումով՝ այն պետք է լինի փոքր գործակալություն, որը կկարողանա ձեզ հասկանալ եւ տարբեր երկրներում գործընկերներ գտնել։ Բոլոր պետությունները՝ մեծից մինչեւ փոքր, ունեն նման ինստիտուտի կարիք։ Այս համատեքստում ձեզ հետ համագործակցությունն էական կլինի»։
Նախագահը նույնպես կարեւոր է համարել համագործակցությունը նախագահական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպվող միջազգային միջոցառումների շրջանակներում: Անդրադարձ է եղել հնարավոր համագործակցությանը «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի եւ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից կազմակերպվող Silicon Mountains համաժողովի, ինչպես նաեւ աշնանը ծրագրվող՝ «Հորասիս-Չինաստան» համաժողովի, գալիք տարի Երեւանում նախատեսվող՝ գիտության, աստղագիտության, երաժշտության ու արվեստի STARMUS փառատոնի շրջանակներում, որն ունենալու է նաեւ տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը նվիրված բաղադրիչ: