16:56 | 14.07.20 | Նորություններ | 2473

Հայաստանի բնակչության 86%-ն օգտվում է որեւէ մոբայլ մեսենջերից

Հայաստանի բնակչության 86%-ն օգտվում է այս կամ այն մոբայլ մեսենջերից, իսկ այս տարվա մարտին սկսված տեղաշարժի սահմանափակումների ժամանակահատվածում մոբայլ մեսենջերների օգտագործումն աճել է 3 տոկոսային կետով:

Այս մասին են վկայում ԱրԻնսայթս հետազոտական ընկերության՝ Հայաստանի ամբողջ տարածքով՝ շուրջ 10000 հարցվողի շրջանում իրականացված հետազոտության արդյունքները:

Նշվում է, որ համավարակով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներին նախորդող ժամանակահատվածում բջջային մեսենջեր հավելվածների սպառողների մասնաբաժինը կազմել է 85%, սահմանափակումների շրջանում՝ 88%, իսկ սահմանափակումների վերացումից հետո վերադարձել է 85%-ի։


Մեսենջերների սպառման հարցում ակնառու տարբերություններ են նկատվում տարբեր տարիքային խմբերի սպառողների միջեւ: Երիտասարդների շրջանում դրանց սպառումն ամենատարածվածն է, 15-19 տարիքային խմբի ներկայացուցիչների 97%-ն օգտվում է այս կամ այն բջջային մեսենջեր հավելվածից: Գրեթե համանման պատկեր է 20-24 եւ 25-34 տարիքային խմբերում: Սպառողների մասնաբաժինը նկատելիորեն նվազում է 55+ տարիքային խմբերում՝ 60-64 խմբում հասնելով 63%-ի: Տարիքային խմբերի միջեւ արձանագրված տարբերությունները վիճակագրորեն նշանակալի են:

Կանայք ավելի շատ են մեսենջեր հավելվածներ օգտագործում (89%) Հայաստանում քան տղամարդիկ (82%):

Մայրաքաղաք Երեւանում (88%) օգտագործողների մասնաբաժինն ավելի մեծ է, քան այլ քաղաքային բնակավայրերում (87%) եւ գյուղերում (83%)։


Նշենք, որ հետազոտության տվյալները հավաքվել են 2019թ․ նոյեմբերի 28-ից մինչեւ 2020թ․ հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցումների (CATI) մեթոդով:

Հարցումն իրականացվել է Հայաստանի 15-64 տարեկան բնակչության, բոլոր բջջային օպերատորների բաժանոդների շրջանում։