13:25 | 13.07.20 | Նորություններ | 3451

    Կարեն Վարդանյանի անվան կրթաթոշակ կսահմանվի

    PicsArt ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը հայտարարել է Կարեն Վարդանյանի հիշատակին նրա անվան կրթաթոշակ սահմանելու մասին:

    Ֆեյսբուքյան գրառման մեջ Հովհաննես Ավոյանը մասնավորապես նշել է.

    «Երկար մտածեցի թե ինչը կուրախացներ իմ սիրելի, լավատես, կենսուրախ, նորարար եւ Հայաստանին անչափ նվիրված ընկերոջս: Ոչինչ չի կարող թեթեւացնել մեր բոլորիս ցավը:

    Ի հիշատակ եւ ի գնահատանք մեր Կարենի՝ ՏՏ ոլորտում ունեցած հսկայական ավանդի, որոշեցի հիմնել Կարեն Վարդանյանի անվան կրթաթոշակ։ Կրթաթոշակը կտրամադրվի Կարենի նախաձեռնած Արմաթ ծրագրի խոստումնալից շրջանավարտներից մի քանիսին` բարձրագույն կրթություն ստանալու համար։ Համոզված եմ, որ սա հենց այն է, ինչը կլիներ Կարենի սրտով»:
     



    Հովհաննես Ավոյանը տեղեկացրել է, որ մանրամասները կհրապարակվեն առաջիկայում: Նա հորդորել է տեխնոլոգիական ոլորտի մյուս ընկերություններին միանալ նախաձեռնությանը եւ այդ քայլով ավելի մեծ թվով երեխաների բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ընձեռել: