11:10 | 09.07.20 | Հոդվածներ | exclusive 90195

AquaPlant. ձկնաբուծարանից արտանետվող ջրի բուժում եւ կիրառում՝ օրգանական բանջարեղեն արտադրելիս

Մայիսի 25-ին ամփոփվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ, Դիլիջանի միջազգային դպրոցի ու «Այբ» կրթական հիմնադրամի աջակցությամբ անցկացվող «Սերունդ առանց սահմանների» (Generation Unlimited Youth Challenge in Armenia ) նորարար գաղափարների մրցույթի առաջին փուլը։

Տասնօրյա առցանց խմբային վարժանքներին մասնակցած 12 թիմից 5-ը ժյուրիի ընտրությամբ, որպես առավել կենսունակ գաղափարներ ներկայացնող, ստացավ $1,000-ական դրամաշնորհ եւ հնարավորություն` մասնակցելու մենթորության ծրագրին։

Առաջիկա ամիսներին թիմերը կզարգացնեն իրենց գաղափարները, որպեսզի եւս մեկ անգամ մասնակցեն փիչինգի։ Արդյունքում 5-ից կընտրվի 2 թիմ հաջորդ՝ համաշխարհային փուլին մասնակցելու համար։ Այդ փուլում հայ երիտասարդներն իրենց գաղափարներով կմրցակցեն տարբեր երկրների երիտասարդների հետ՝ մինչեւ $20,000 դրամաշնորհ ստանալու համար։

Itel.am-ը նոր շարքում պատմում է լավագույն հնգյակում ընդգրկված թիմերի մասին:

AquaPlant ստարտափը նախատեսում է ստեղծել Ակվապոնիկա (սիմբիոզային միջավայրում ավանդական ջրային տնտեսություն), որտեղ ձկնաբուծարաններից արտանետվող ջուրը բուժվելու եւ օգտագործվելու է համակցված ուղղահայաց ֆերմայում օրգանական բանջարեղենի արտադրության մեջ։

Նախագծի ստեղծման ուղությամբ աշխատել են թիմի ավագ Դավիթ Մարկոսյանը եւ թիմակից Մարիամ Գրիգորյանը, որոնք նախագծի ներդրման մասին սկսել են մտածել դեռեւս 2019թ. սեպտեմբերից: Ավելի ուշ թիմին է միացել նաեւ Ալբերտ Աղաբաբյանը:

Itel.am-ի հետ զրույցում նրանք նշել են, որ թիմի բոլոր անդամներն ավարտել են կամ դեռ սովորում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Ագրոբիզնեսի ուցուցման կենտրոնում, որը համատեղ կրթական ծրագիր է ՀԱԱՀ-ի եւ Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի միջեւ:

«Արարատյան դաշտում ձկնաբուծարանների կողմից ջրային սակավ ռեսուրսների ոչ արդյունավետ կիրառումը կարող է բերել աղետալի հետեւանքների: Այս խնդիրը մասնավորապես ազդում է ձկնաբույծների եկամտաբերության վրա, իսկ այնուհետեւ մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին՝ հատկապես հողային եւ ջրային ռեսուրսներին, որոնք կարող են օգտագործվել գյուղատնտեսական այլ նպատակներով»:

Թիմում կարծում են, որ փակ ձկնաբուծական համակարգի ներդրումը կարող է արդյունավետ կերպով լուծել այս խնդիրը: Համակարգի էությունը կայանում է նրանում, որ  շահագործված ջուրը մեխանիկական եւ կենսաբանական ֆիլտրացման կենթարկվի, եւ այնուհետեւ կօգտագործվի հազարի կամ այլ բանջարային մշակաբույսի մշակության արտադրության համար:

Թիմը ցանկանում է Արարատյան դաշտի ձկնաբույծներին տալ մասնագիտական խորհրդատվություն՝  վերափոխելու իրենց ձկնաբուծական տնտեսությունները:
Մոտ լինելով գյուղատնտեսության, գյուղատնտեսական տնտեսագիտության եւ հարակից այլ ոլորտներին, թիմի անդամները նախատեսում են հիմնական աշխատանքները սկզբնական շրջանում ինքնուրույն կատարել:  

AquaPlant-ի թիրախում Արարատյան դաշտի ձկնաբույծներն են, որոնք ձուկ են արտադրում ավանդական եղանակով, կամ այն անհատները, որոնք դեռ պետք է հիմնեն նմանատիպ բիզնես. նրանք կարող են խորհրդատվություն ստանալ՝ ավելի ժամանակակից եւ տեխնոլոգիապես հագեցած լուծումներ ներդնելու համար:

«GenU մրցույթին մասնակցությունը գործնական փորձառություն էր բոլորիս  համար, որպեսզի ներկայացնենք մեր նախագիծը եւ տեղ հասցնենք այն խնդրի առկայությունը, որը մտահոգիչ է ամբողջ Հայաստանի համար, քանի որ Արարատյան դաշտը ռազմավարական նշանակություն ունի երկրի համար:

Մրցույթի ժամանակ մենք կարողացանք թրծել գաղափարը, զտել եւ առաջնահերթություն  տալ կարեւորին: Մենք հնարավորություն ունեցանք ավելի քննադատորեն նայել գաղափարին, ինչու չէ այն բարելավել, փոփոխել եւ նոր տարրեր ավելացնել դրան: Մասնակցությունը կիրառելի գիտելիքներ տվեց հենց բիզնեսի կառավարման տեսանկյունից, որը մինչ այդ չէր քննարկվել:

Նաեւ ծանոթացանք հիանալի մարդկանց հետ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայի երկրի, համայքների զարգացման համար, որոնք ի վերջո իրենց դրական ազդեցությունը կթողնեն ամբողջ աշխարհում: Ծանոթացանք տարբեր ոլորտների լավագույն մասնագետներին եւ իրենց գործի գիտակներին, ովքեր մեզ տվեցին արժեքավոր խորհուրդներ»,- նշում են թիմում:

AquaPlant  ստարտափն առաջիկայում պլանավորում է ստեղծել նախագծի նախատիպը, հասկանալու, թե ինչպես է աշխատում համակարգը, որոնք են թերությունները եւ բացթողումները: Նախատիպը կառուցելիս, թիմը ծրագրում է համագործակցել փորձագետների, հետազոտական ընկերությունների, ինչպես նաեւ ՀԱԱՀ-ի հետ: