17:15 | 08.07.20 | Նորություններ | 16806

Գերարագ ինտերնետ Բերդավանում․ «Ռոստելեկոմ»-ն աջակցում է «Դիմակայուն (թվային) համայնք» ծրագրին

Հուլիսի 7-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում տեղի ունեցավ «Դիմակայուն (թվային) համայնք» ծրագրի առաջին փուլի շնորհանդեսը։

Ծրագիրը իրականացվում է «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության նախաձեռնությամբ եւ «Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ։

Ծրագրի նպատակն է սահմանամերձ գյուղերում ստանալ դիմակայուն համայնքի ժամանակակից մոդել։ Ծրագրի առաջին՝ «Ազդարարում եւ իրազեկում» փուլի ընթացքում արդեն իսկ իրականացվել են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, եւ ներդրվել են ժամանակակից լուծումներ՝ համայնքի անվտանգության ապահովման նպատակով։

«Ռոստելեկոմ» ընկերության եւ «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության հմուտ եւ փորձառու մասնագետների կողմից կառուցվել է վերջին սերնդի չափորոշիչներին համապատասխան սարքավորումներով գերթողունակությամբ՝ ավելի քան 3կմ երկարությամբ օպտիկամանրաթելային ներքին ցանց՝ ապահովելով համայնքի սահմանագծի առավել խոցելի հատվածում անվտանգության համար նախատեսված օպերատիվ կապի բազմաֆունկցիոնալ աղբյուրներ։

Ներդրվել է նաեւ berdavan.login.am ամպային պլատֆորմը, որը հնարավորություն է տալիս բնակիչներին տեղեկանալ կոմունալ վճարումների չափի մասին, տեսնել գույքահարկի չափը եւ առանց տանից դուրս գալու՝ կատարել անկանխիկ վճարումներ, իրականացնել հարցումներ եւ քվեարկություններ:

«Ի սկզբանե «Ռոստելեկոմ»-ը գործունեությունը սկսել է մարզերից, եւ մեր մասնակցությունը եւ աջակցությունը այս նախագծին մենք դիտարկում ենք որպես որդեգրած ռազմավարության շարունակություն։ Մենք նպատակ ունենք հաղթահարելու թվային անհավասարությունը եւ դարձնելու ժամանակակից թվային տեխնոլոգիաները առավել հասանելի։ Այս ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել մեկ ընդհանուր թվային միջավայր բնակիչների համար եւ դարձնել կյանքը առավել հարմարավետ: Ներդրված ենթակառուցվածքները լրջորեն բարձրացնում են մարզի սահմանամերձ հատվածի անվտանգության մակարդակը, ինչպես նաեւ ապահովում են բնակիչների համար անհետաձգելի եւ կենսական նշանակության մի շարք հարցերի համար արագ արձագանքման միջավայր»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի կոմերցիոն տնօեն Վասիլի Ռուսակովը։

«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ ստեղծվել է նաեւ վիդեոկոնֆերանսի համակարգ, որը տեսազանգի միջոցով կապահովի համայնք-մարզպետարան-նախարարություն եւ այլ հաստատությունների հետ ուղիղ կապը։

«Բավականին բարդ էր ծրագիրը իրականացնել սահմանամերձ այս գյուղում, եւ ապահովել անհրաժեշտ թվային ենթակառուցվածքներով։ Սակայն մեր գործընկեր «Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ կարողացանք համայնքապետարանը ապահովել անվճար գերարագ ինտերնետ կապով, որի շնորհիվ շահագործվում են նոր թվային ենթակառուցվածքները եւ երաշխավորում անխափան կապ մարզպետարանի եւ այլ օղակների միջեւ։ Այս համագործակցությունը առանցքային է ծրագրի այս փուլի եւ հետագա փուլերի իրագործման համար»,-ասել է «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության հիմնադիր Արա Յաղջյանը։

«Այսօր մեզ համար շատ կարեւոր օր է, որովհետեւ ոչ միայն Տավուշի մարզում, այլեւ ամբողջ հանրապետությունում ստեղծվել է առաջին դիմակայուն համայնքը։ Գնահատելով համայնքի ներուժը՝փորձել ենք ապահովել սահմանմերձ գոտու առավելագույն դիմակայունություն, եւ իհարկե 21-րդ դարում առանց թվային տեխնոլոգիաները հաշվի առնելու այս ամենը կազմակերպել հնարավոր չէր լինի։ Այսօր մենք արձանագրում ենք մի շարք թվային ենթակառուցվածքների ներդրում Բերդավան համայնքում, որոնց շնորհիվ կարողանում ենք արագ եւ ուղիղ կապ հաստատել համայնքի հետ, ծանոթանալ եւ օպերատիվ կերպով արձագանքելառկա խնդիրներին։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ այս կարեւոր ձեռքբերման համար»,- նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Դիմակայուն (թվային) համայնք» ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսվում է ներդնել հակահրդեհային համակարգեր, ինչպես նաեւ կազմակերպել տեսաառողջապահություն եւ տեսաուսուցում։