14:23 | 03.07.20 | Նորություններ | 2375

Արմեն Սարգսյան. Տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի ապագան է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ:

Հանդիպմանը մասնակցել են IU Networks ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, «ՎիԷմՈւեր Իսթերն Յուրոփ» ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Խաչատուր Նազարյանը, «Մենթոր Սիմենս Բիզնես» հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր ու կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը, SFL ընկերության համահիմնադիր Վասիլ Մամիկոնյանը:

Քննարկվել են համավարակային իրավիճակի ազդեցությունը եւ հետեւանքները ՏՏ ոլորտի վրա, ներկա խնդիրները եւ ապագայի հնարավոր դժվարություններն, ինչպես նաեւ այդ խնդիրների լուծմանն աջակցելու՝ նախագահական ինստիտուտի հնարավորությունները:

Նշելով, որ կորոնավիրուսը փոփոխված աշխարհի հետեւանք է՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է պատրաստ լինել 21-րդ դարի մարտահրավերներին եւ ռիսկերին: «Աշխարհը փոխվել է եւ շարունակելու է փոխվել շատ արագ տեմպերով: Եթե մենք կարողանանք դրան համահունչ կամ ներդաշնակ գնալ, ապա հաղթող կլինենք, իսկ եթե ոչ՝ կդառնանք սպառող,-ասել է նախագահը:- Դուք այն ոլորտից եք, որը, թվում է, թե այսօր այդքան շատ չի տուժել: Սակայն ապագայում դժվարություններ են լինելու, որովհետեւ համաշխարհային տնտեսության վերակառուցում է լինելու: Ուստի այսօրվանից պետք է մտածել վաղվա խնդիրների մասին»:

Նախագահը մեր երկրի մրցունակության տեսանկյունից կարեւոր է համարել բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտների զարգացումը: Այս համատեքստում նա անդրադարձել է նախագահական ATOM նախաձեռնությանը, որի շրջանակում այսօր աշխարհի մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ արդեն նախնական պայմանավորվածություններ կան:

«Գաղափարը հետեւյալն է՝ ունենալ 10-15 մեծ ընկերություններ, որոնք այստեղ կզբաղվեն առաջադեմ գործերով՝ առողջապահության, մշակույթի ոլորտում եւ այլն։ Օրինակ, IBM-ի հետ երեք ծրագիր ենք ուզում իրականացնել մշակույթի ոլորտում,-ասել է նախագահը:- Ուզում ենք, որ արհեստական բանականության նրանց ամենավերջին պլատֆորմը զարգացվի այստեղ։ Եթե Հայաստանում 500 հոգի աշխատի լավագույն ընկերությունների հետ, որոնք հետագայում ընդլայնվեն, ապա դա փոքր ներդրում կլինի, կդառնա այն լոկոմոտիվը, որով ես կօգնեմ այս գործին»։

Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց նաեւ, որ էլեկտրոնային կառավարման գործիքներն՝ էլեկտրոնային կրթությունն, էլեկտրոնային առողջապահությունը եւ այլն, այսօր ուղղակի անհրաժեշտություն են: Նույն եզրահանգումներն էին արված նաեւ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD)՝ Հայաստանի վերաբերյալ ներդրումային զեկույցում, որը պատրաստվել էր անցյալ տարի, հենց նախագահ Սարգսյանի առաջարկով:

«Նախագահական ինստիտուտն ու UNCTAD-ը համատեղ հավելում արեցին այդ զեկույցում՝ համավարակի հետ կապված: Առանձնացվեցին այն կետերը, որոնք կարեւոր ու անհրաժեշտ են: Առաջարկներից մեկը կապված է էլեկտրոնային կառավարման հետ, ինչպես նշեցի՝ էլեկտրոնային առողջապահություն, էլեկտրոնային կրթություն, էլեկտրոնային բիզնես: Մյուս կարեւոր ոլորտը պարենի անվտանգությունն է: Եթե շատերը մտածում են, որ այսօր կա առողջապահական խնդիր, իսկ վաղը կլինի տնտեսական, ապա հետո լինելու է պարենի անվտանգության խնդիր ամբողջ աշխարհում,-նշել է նախագահը:- Մյուս կարեւոր առաջարկն այն էր, որ Հայաստանին անհրաժեշտ է առանձին ինստիտուտ, որը պետք է զբաղվի ներդրումներ ներգրավելով, երկիրը ներկայացնելով, երկրի բրենդինգով: Առաջարկությունը հետեւյալն է՝ ստեղծել Արագ արձագանքման աշխատանքային խումբ: Այն պետք է արագ լինի, որովհետեւ այսօր աշխարհը նորից վերաձեւափոխվում է: Հետեւաբար, եթե մի բան պետք է անենք, ապա պետք է անենք այսօր: Աշխարհը փոխվելու է, եւ ամեն երկիր պետք է նորից ինքն իրեն ներկայացնի, ասի, թե ով է եւ ինչ է ուզում զարգացնել»:

Անդրադառնալով կրթության դերին եւ կրթության որակին՝ նախագահը նշել է, որ տեխնոլոգիական զարգացումն առաջին հերթին հիմնված է կրթության վրա. «ATOM նախաձեռնության շրջանակում Հայաստան այցելած միջազգային ընկերությունների պատվիրակություններն անպայման ցանկանում էին համալսարաններ այցելել, ուզում էին շարունակելիությունը տեսնել: Դու կարող ես աշխարհի ամենամեծ եւ ամենալավ ընկերությունն ունենալ, բայց եթե վաղվա երիտասարդ գիտնականը կամ ինժեները չկա, ուրեմն ոչ մի տեղ չես հասնի»:

Նախագահ Սարգսյանը կարեւոր է համարել լոկոմոտիվ ոլորտների աջակցության հարցը. «Եթե որոշել ենք, որ կրթությունը, գյուղատնտեսությունը, տեխնոլոգիաներն այն ոլորտներն են, որոնց պետք է աջակցենք, ապա պետք է աջակցենք ընդհուպ մինչեւ հարկային արտոնություններ սահմանելով»: Նա հիշատակել է Բելառուսի օրինակը, որտեղ ստեղծված «Բարձր տեխնոլոգիաների պարկ»-ին պետության կողմից տրվել են հարկային արտոնություններ, եւ ներկայումս այնտեղ 50 հազար մարդ է աշխատում, ունի մոտ 2 միլիարդ դոլարի շրջանառություն։ Իսկ ներդրողներն ամերիկացիներ, կանադացիներ, չինացիներ են։ Այդ իսկ պատճառով նա կարեւոր է համարել նաեւ հարկային գործիքների կիրառումը՝ կոնկրետ ոլորտներ առաջ մղելու համար:

«Մենք ունենք ներուժ, որը պետք է օգտագործվի եւ պետք է օգտագործվի ճիշտ. գիտություն, տեխնոլոգիա, կրթություն պետք է լինեն միասին: Եթե բիզնեսը եւ համալսարանն իրար հետ չաշխատեն, ապա տեղ չենք հասնելու,-ասել է նախագահը:- Ճանապարհը միակն է՝ համալսարանն, ակադեմիան, կրթությունն, արդյունաբերությունը պետք է իրար հետ աշխատեն: Եթե չարեցինք, հետ ենք մնալու»:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես անդրադարձել են ժամանակակից պահանջներին համապատասխանող որակյալ կրթությանը, միջին մասնագիտական տեխնոլոգիական հաստատություններ ունենալու, ինչպես նաեւ կրթության եւ բիզնեսի միջեւ կապի ապահովման, ոլորտին որոշակի արտոնությունների տրամադրման հարցերին: