11:33 | 03.07.20 | Նորություններ | 2894

17 ռեզիդենտ մասնակցել է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի SPARK ծրագրի առցանց փիչինգին

Հունիսի 30-ից հուլիսի 2-ին Եվրոպական միության աջակցությամբ կայացավ Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված  ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ ԵՄ «ՄԱԴԱԴ» ֆոնդի աջակցությամբ ֆինանսավորված ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի SPARK ծրագրի ռեզիդենտների բիզնես նախագծերի առցանց փիչինգը:

SPARK ծրագիրն ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հիմնական 3 ծրագրից (SPARK, BUILD and START) մեկն է: SPARK-ը  նախատեսված է  գործարար գաղափարներ ունեցող, սիրիահայերի, հայրենադարձների ու տեղացիների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց բիզնես նախաձեռնությունները։ 

Բիզնես նախագծերի առցանց փիչինգին IRIS ակադեմիայի 70 ռեզիդենտից մասնակցել է SPARK ծրագրի 17 մասնակից։

Առցանց փիչինգի երեք օրվա ընթացքում SPARK ծրագրի 17 ռեզիդենտներն իրենց բիզնես նախագծերը ներկայացրեցին ԻՐԻՍ ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչներից, փորձագետներից եւ գործարարներից կազմված ժյուրիին։

SPARK ծրագրի 17 ռեզիդենտներից Լիլիթ Գրիգորյանը նշել է, որ իր բիզնես նախագծով ցանկանում է դառնալ հայկական բրդյա գործվածքների առաջատար արտադրողը տեղական եւ համաշխարհային շուկայում, միաժամանակ ստեղծել աշխատատեղեր սոցիալապես անապահով կանանց եւ Հայաստան ներգաղթած սիրիահայերի համար:

Չնայած նրա բիզնես նախագիծն ունի 1 տարվա պատմություն, Լիլիթն արդեն իրականացրել է փորձարարական արտադրություն, նաեւ ուսումնասիրությունների միջոցով հայտնաբերել իր հիմնական եւ պոտենցիալ հաճախորդին, գնել է որակյալ բուրդ, աշխատանքի ներգրավել 2 սոցիալապես անապահով կնոջ, ինչպես նաեւ թողարկել բրդյա գուլպաների արտադրանք: Բացի այդ Լիլիթը ձեռք է բերել բրդի մշակման առանձնահատուկ մեթոդ եւ անթերի տիրապետում է բրդի մշակման ու ներկման նրբություններին, որի շնորհիվ նրա գուլպաները կարելի է հագնել մերկ ոտքին եւ անհարմարություն չզգալ:

Սիրիահայ մասնակիցներից Հարություն Թախթաճյանը պատմեց, որ 8 տարեկանից Հալեպում օգնել է վարպետ մորեղբորը, 12 տարեկանից դարձել է վարպետի հիմնական աշխատակիցը, իսկ 18 տարեկանից հիմնել է իր արհեստանոցն ու սկսել է գործել ինքնուրույն, որպես անկախ վարպետ: 2014թ. կեսերին ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան եւ հաստատվել է Գյումրի քաղաքում: Այստեղ շարունակել է զբաղվել իր հիմնական գործունեությամբ՝ ծառայություններ մատուցելով տարբեր անհատների, արհեստանոցների եւ գործարանների: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի աջակցությամբ պատրաստվում է հիմնել իր սեփական արհեստանոցը:

Թամար Վանյանը ներկայացրել է իր «Uzum.am»-ը, որը Գորիսում իր տեսակի մեջ առաջինը գործող առաքման ծառայությունն է լինելու: Բիզնես նախագծի առաքելությունն է՝ հեշտացնել տեղի բնակչության կյանքը, կատարել մեկ քայլ առաջ դեպի արդի սպասարկման ոլորտ եւ դառնալ տեղի բնակչության կյանքի անբաժանելի մասը: Նրա ընկերությունը կիրականացնի սննդի, տնտեսական ապրանքների, դեղերի, ավտոպահեստամասերի, ծաղիկների եւ այլ ապրանքների առաքման ծառայություն: Հաճախորդները կկարողանան պատվերներ գրանցել վեբ կայքի, հեռախոսազանգերի, ապագայում նաեւ մոբայլ հավելվածի միջոցով:

Հաղթող նախագծերը կհայտարարվեն առաջիկա շաբաթվա ընթացքում եւ կստանան մինչեւ 2,5 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ եւ/կամ տեխնիկական աջակցություն։