17:29 | 02.07.20 | Նորություններ | 3398

«Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատոր»-ն ընդունում է հայտեր

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim աքսելերատորը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Ինովացիոն Լուծումների եւ Տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է հայաստանյան եւ միջազգային տեխնոլոգիական ընկերություններին՝ դիմելու «Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատոր» 2020 ծրագրին:

Ծրագրի թիրախում էներգախնայողության ու վերականգնվող էներգիայի հետեւյալ մարտահրավերներն են՝

- արհեստական բանականությունը (ԱԲ) էներգիայի պահանջարկի կառավարման համար. ԱԲ-ի միջոցով տվյալների վերլուծություն եւ որոշումների կայացում, - պասիվ եւ խելացի կենսապայմաններ, - արդյունավետ ջեռուցման եւ/կամ սառեցման լուծումներ. ջեռուցման եւ/կամ սառեցման տեխնոլոգիաներ, որոնք էներգաարդյունավետ են եւ մատակարարվում են վերականգնվող աղբյուրներից, - ջրածնային էներգիա, - անկախ էներգացանցին միացած վերականգնվող էներգիայի աղբյուրներ, - կորուստների կրճատում՝ էներգիայի փոխանցման եւ ձեւափոխման համակարգերում: 

«Այսօր տեխնոլոգիաները կարող են լուծել աշխարհում էներգախնայողության ու վերականգնվող էներգիայի առաջ ծառացած մարտահրավերները: Ծրագիրը փնտրում է նորարար լուծումներ, որոնք աշխարհն ավելի մաքուր, բարեկարգ եւ լավը կդարձնեն»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Հայտեր կարող են ներկայացնել Հայաստանում եւ արտերկրում գործող, գաղափարի, նախասաղմնային, սաղմնային եւ զարգացման փուլում գտնվող գաղափարներով ստարտափները, ինչպես նաեւ կայացած ընկերությունները, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի ոլորտներում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է: Հայտաձեւը հասանելի է՝այստեղ:

«Այս ծրագիրն ապագայի մասին է: Հայաստանի ապագայի: Երկրի, որը ստեղծում է տեխնոլոգիական լուծումների նոր սերունդ: Այն նաեւ շրջակա միջավայրի ապագայի մասին է: Այն մասին, թե ինչպես է մեր կողմից էներգիայի կիրառումն ազդում այդ միջավայրի վրա: Մեր ծրագիրը նաեւ զարգացման ապագայի մասին է, ինչն ավելի ու ավելի է նպաստում մասնավոր հատվածի հնարավորությունների, կարողությունների եւ ներուժի կիրառմանը»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:

16 շաբաթ տեւողությամբ ծրագիրը նպատակ ունի համախմբել տեխնոլոգիական եւ նորարարական գաղափարներ, լուծումներ եւ արտադրանքներ՝ ՄԱԿ-ի Կայուն զագացման նպատակներին համապատասխան էներգետիկ ոլորտի վերափոխման ջանքերին միանալու եւ երկրների էներգետիկ անվտանգությանը նպաստելու համար։ 

Մասնակիցները հնարավորություն կստանան աշխատել առաջատար բիզնես եւ տեխնոլոոգիական միջազգային մենթորների հետ: Նրանք կստանան խորհրդատվություն բիզնեսի զարգացման, ներառյալ պրոդուկտի-/ծառայության զարգացման, թիմի ստեղծման, շուկայի ռազմավարության, հաճախորդների ներգրավման, բիզնես մոդելի, ֆինանսավորման ռազմավարության եւ այլ ուղղություններով:

«Ես շատ ոգեւորված եմ այս անգամ ծրագիրը նոր ոլորտում իրականացնելու փաստով, հատկապես, երբ հաշվի ենք առնում «Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատոր»-ի 1-ին եւ 2-րդ շրջափուլերի ընթացքում կուտակված մեր փորձը: Մենք մտադիր ենք ուսումնասիրել այնպիսի տեխնոլոգիաների կիրառումը, ինչպիսիք են էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգետիկայի բնագավառում արհեստական բանականությունն ու տվյալագիտությունը: Մենք հավատում ենք, որ այն կարող է բերել հեղափոխական արդյունքների»,- ընդգծել է ISTC հիմնադրամի գործադիր տնօրեն Արեգ Գեւորգյանը:

Առավել խոստումնալից ընկերությունները կստանան հնարավորություն ներկայանալ իրենց գաղափարներով հանձնաժողովի առջեւ (այն կընտրի առավելագույնը մինչեւ 10,000 ԱՄՆ դոլար դրամական պարգեւի արժանի թիմերին), մասնակցել ստարտափների համար նախատեսված միջազգային միջոցառումներին (ինչպիսիք են՝ WebSummit, Rise Conference եւ այլն), իրականացնել պիլոտային նախագիծ՝ շուկայում ընդլայման համար, իրենց գաղափարները առցանց եւ/կամ դեմ առ դեմ ներկայացնել համաշխարհային ներդրողներին, ծանոթանալ վենչուրային կապիտալին, ներդրումային ուղիներին եւ ֆինանսական աղբյուրներին:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim «Կլիմայի փոփոխություն  տեխնոլոգիական աքսելերացիա»-ն ֆինանսավորվում է Ռուսաստանի  Դաշնության եւ ՄԱԶԾ երկրներին տրվող ներդրումային նախաձեռնության  կողմից, Ասիական Զարգացման Բանկի վենչուրային ֆոնդի կողմից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ:

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրերի ImpactAim աքսելերատորի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF), «Ինովացիոն  Լուծումների եւ Տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի (ISTC) եւ Ինժեներական քաղաքի հետ համատեղ՝ ապահովելով եւ՛ տեխնիկական, եւ՛ բնապահպանական ենթակառուցվածքային օժանդակություն։