14:22 | 29.06.20 | ստարտափներ | exclusive 13811

VR LAB. Վիրտուալ իրականության ակնոց եւ ձեռնոցներ՝ դպրոցում քիմիական փորձեր կատարելու համար

Մայիսի 25-ին ամփոփվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ, Դիլիջանի միջազգային դպրոցի ու «Այբ» կրթական հիմնադրամի աջակցությամբ անցկացվող «Սերունդ առանց սահմանների» (Generation Unlimited Youth Challenge in Armenia ) նորարար գաղափարների մրցույթի առաջին փուլը։

Տասնօրյա առցանց խմբային վարժանքներին մասնակցած 12 թիմից 5-ը ժյուրիի ընտրությամբ, որպես առավել կենսունակ գաղափարներ ներկայացնող, ստացավ $1,000-ական դրամաշնորհ եւ հնարավորություն` մասնակցելու մենթորության ծրագրին։

Առաջիկա ամիսներին թիմերը կզարգացնեն իրենց գաղափարները, որպեսզի եւս մեկ անգամ մասնակցեն փիչինգի։ Արդյունքում 5-ից կընտրվի 2 թիմ հաջորդ՝ համաշխարհային փուլին մասնակցելու համար։ Այդ փուլում հայ երիտասարդներն իրենց գաղափարներով կմրցակցեն տարբեր երկրների երիտասարդների հետ՝ մինչեւ $20,000 դրամաշնորհ ստանալու համար։

Itel.am-ը նոր շարքում պատմում է լավագույն հնգյակում ընդգրկված թիմերի մասին:

VR LAB-ի թիմը ներկայացնում է նորարարական VR ակնոց եւ ձեռնոցի հավաքածու, որոնց միջոցով երեխաները կկարողանան ճշգրիտ փորձեր կատարել` առանց համապատասխան նյութերի եւ սարքավորումների առկայության։

Թիմն այսպես է առաջարկում լուծել Հայաստանի հանրակրթական դպրոցներից շատերում քիմիական լաբորատորիաներ եւ համապատասխան սարքավորումներ չունենալու խնդիրը։

Գաղափարի մշակման ուղղությամբ աշխատել են «Այբ» ավագ դպրոցում սովորող քիմիայով հետաքրքրված 4 երիտասարդներ՝ Լուսինեն, Կարենը, Հասմիկը եւ Սաթենը:

«Մենք առաջարկում ենք քիմիական ուսուցողական փորձերի ծրագրով համալրված նորարարական վիրտուալ իրականության (VR) ակնոցներ, որոնց միջոցով երեխաները կկարողանան ճշգրիտ փորձեր կատարել` առանց համապատասխան նյութերի եւ սարքավորումների առկայության: VR ակնոցը կհամալրի քիմիայի ուսումնական գործընթացը, որը հիմնված կլինի դասագրքում առկա լաբորատոր աշխատանքների վրա»,- նշել են ստարտափի հիմնադիրները:

Ստարտափի թիրախում Երեւանի եւ ՀՀ մարզերի 12-17 տարեկան դպրոցականներն են: Պրոդուկտի շահառուները հանրակրթական դպրոցներն են, դեղագործական ընկերությունները, քիմիական ինստիտուտները, համալսարանները, ինչպես նաեւ ԿԳՍՄ նախարարությունը:

«GenU մրցույթին մասնակցելով՝ հնարավորություն ստացանք խորհրդակցել փորձագետների հետ եւ նրանց վարած դասախոսությունների ընթացքում ձեռք բերած գիտելիքները, հմտությունները կարողացանք արդյունավետ օգտագործել մեր գաղափարը հղկելու, մշակելու համար: Համակարգված եւ արդյունավետ թիմային աշխատանքի արդյունքում կարողացանք հստակ ձեւակերպել մեր խնդիրը, կազմել շահառուների ցանկը, հարցումների եւ հարցազրույցների միջոցով բացահայտել մեր հաճախորդների կարիքները: Փուլ առ փուլ զարգացնելով մեր գաղափարը՝ հստակեցրինք հետագա անելիքները»,- նշել են թիմում:

Ստարտափի հիմնադիրներն առաջիկայում նախատեսում են խորհրդատվական հանդիպումներ ոլորտի մասնագետների՝ ծրագրավորողների, կիրառական մաթեմատիկոսների հետ, իսկ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո մրցույթի շրջանակում ստացած ֆինանսական աջակցությունը կօգտագործեն նախատիպի ստեղծման համար:

***
GenU-ն համաշխարհային համագործակցություն է, որի նպատակը 14-ից 24 տարեկան երեխաների եւ երիտասարդների համար կրթության, վերապատրաստման եւ զբաղվածության՝ ընդլայնված հնարավորություններ ստեղծելն է։

Մրցույթը նպաստում է պետությունների եւ մասնավոր հատվածի միջեւ համագործակցության ստեղծմանը, երիտասարդների ներգրավմանը համայնքային խնդիրների լուծման եւ նորարարության խթանման ուղղությամբ, ներդրման հնարավորությունների եւ նորարար ծրագրերի առավել լայնածավալ համահեղինակմանը։ Այն նաեւ կոչված է աջակցելու եւ խրախուսելու երիտասարդներին կյանքում առավել հանրօգուտ գործունեություն ծավալել:

Մրցույթն այս տարի անց է կացվել աշխարհի 41 երկրնում, մասնակցել է ավելի քան 450 թիմ:

Նարինե Դանեղյան