12:11 | 16.06.20 | ստարտափներ | exclusive 28488

Oores ստարտափը՝ ընկերների հետ չպլանավորված, արագ հանդիպումների կազմակերպիչ

Armenia Startup Academy-ի ծրագրի շրջանավարտ oores հայկական ստարտափը մշակել է մոբայլ հավելված, որը կհեշտացնի ընկերների հետ չպլանավորված, արագ հանդիպումներ կազմակերպելը:

Ծրագիրը կսովորի օգտատերերի նախասիրությունները ու հատուկ ալգորիթմի միջոցով կառաջարկի հանդիպման վայրեր:

Ստարտափի հիմնադիրները երեք ընկերներ են, որոնք հավաքվել են լուծելու հենց իրենց տանջող խնդիրը։ Լուսինեն, Արամն ու Սոնան արդեն մի քանի ամիս է դուրս են եկել աշխատանքից եւ ամբողջովին խորացել այս խնդիրը լուծելու վրա։ Փորձով միմյանց լրացնում են՝ ծրագրավորումից մինչ բիզնես զարգացում:

Itel.am-ի հետ զրույցում նրանք նշել են, որ սովորաբար, երբ աշխատանքից հետո կամ ընդմիջումներին լինում են քաղաքում ու նախորոք ոչինչ պլանավորած չեն լինում ընկերների հետ, շատ բարդ է գտնել այն ընկերներին, որոնք ազատ են եւ պատրաստ հանդիպել։

«Երեւանում այս խնդրի պատճառով հայտնի դառավ՝ #կոֆեկենտրոն հեշթագը, որը հիմնականում նույն նպատակով է կիրառվում։ oores-ում միանգամից մտնում ես քարտեզ ու տեսնում, թե ծանոթներիցդ ով կա մոտակայքում ու կոնկրետ որտեղ։ Նշում ես նրանց, ու ընտրում հանդիպման վայրը՝ սրճարան, կինո, այգի եւ այլն։ Ծրագիրը ձեր մեջ ճանապարհ է գծում՝ տաքսի հավելվածների նման եւ մինչ հանդիպելը կարող ես հետեւել, տեսնել, թե ով ուր հասավ, երբ կգա։ Այլեւս պետք չէ զանգել, գրել՝ ո՞ւր ես»:

Ստարտափի թիրախային լսարանը մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքում մոտ 150 հազ. մարդ է՝ հիմնականում մինչեւ 30 տարեկան։ Դրանք տարբեր համայնքների անդամներ են, որոնք հաճախ են հանդիպումներ կազմակերպում:

Armenia Startup Academy-ի ծրագրին մասնակցությունը թիմին տվել է նոր կապեր, տեխնիկական գիտելիքներ կապված առաջխաղացման հետ, ինչպես նաեւ պրոդուկտի եւ դրա ներկայացման հետ կապված շտկումներ։ Նշենք, որ այդ ընթացքում թիմը դիմեց ու ստացավ պետական կրթաթոշակ՝ Draper University-ի ծրագրին մասնակցելու համար։

Oores-ն այս պահին հասանելի է AppStore-ում: Առաջիկա կես տարում պատրաստ կլինի Android տարբերակը:

«Նպատակ ունենք ներգրավել հիմնական մեծ համայնքին Հայաստանում ու վերջնական տեսքի բերել ալգորիթմները, որոնց միջոցով ծրագիրը ձեր փոխարեն կսովորի ու կընտրի հանդիպման վայրերը»,- նշել են թիմում:

Հավելենք, որ ստարտափը փնտրում է ինֆլուենսերների, որոնք կդառնան բռենդի դեմքը եւ վաղ օգտատեր, կտարածեն այն իրենց լսարանում ու առաջարկներով ու նշումներով հանդես կգան:

Նարինե Դանեղյան