11:14 | 19.11.19 | ստարտափներ | exclusive 15052

Tooyn.am հարթակը կկարճացնի լինքերը

Cloudz.am-ը, որն առաջարկում է հասանելի գներով ամպային ծառայություններ եւ անվտանգության համակարգեր, գործարկել է tooyn.am հարթակը, որը երկար հղումները փոխարինում է կարճերով, ինչի արդյունքում ստեղծվում են ավելի հեշտ հիշվող ու անվտանգ հղումներ։

Հարթակը նաեւ հնարավորություն է տալիս տվյալ կարճ հղումով այցելությունների գեոլոկացիայի ու հաճախականության մասին ինֆորմացիա ստանալ։

Ներկայում հասանելի է պրոդուկտի բետա տարբերակը, որի վրա աշխատել է ISTC-ի տեխնիկական թիմը՝ Cloudz.am-ի համակարգող Վարդգես Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Itel.am-ի հետ զրույցում Վարդգես Հովհաննիսյանը պատմել է, որ Tooyn.am-ի ստեղծման հիմքում ՏՏ ոլորտում տեղական արտադրանքի առաջխաղացման գաղափարն է։

«Երբ մենք մեկնարկեցինք cloudz.am հարթակը, հիմքում դրեցինք «Տվյալները պահենք տանը» կարգախոսը, քանի որ 21-րդ դարում տվյալներն ամենաթանկ օգտակար հանածոն են։ Հենց այստեղից էլ ծնվեց հերթական գաղափարը՝ իսկ ինչու՞ այնպես չանել, որ հայկական շուկայի սպառողն իր ինֆորմացիան արտահանելու փոխարեն օգտվի լոկալ ծառայություններից։ Քանի որ հայկական շուկայում նման բան դեռ չկար, մենք էլ որոշեցինք ինքներս իրագործել այդ միտքը»,- պատմել է նա:

Անդրադառնալով հարթակի յուրահատկությանը, Վարդգես Հովհաննիսյանը նշել է, որ ներկայիս գերհագեցած ՏՏ ոլորտում շատ կայքեր չունեն անվտանգության համակարգեր, ուստի իրենց հղումները տեղադրելով տարբեր կայքերում՝ ենթարկվում են բոտերի կողմից DDos հարձակումների։

«Հաշվի առնելով այս հանգամանքը, մենք tooyn.am-ը ստեղծելիս ապահովել ենք այնպիսի անվտանգության համակարգ, որն օգնում է, որ մեր պլատֆորմի միջոցով գեներացված հղումները վահան հանդիսանան՝ թույլ չտալով, որ հարձակումներն ուղղակիորեն վնասեն հիմնական հղմանը։ Տեղական շուկայում չունենք մրցակիցներ, բայց ամբողջ աշխարհում նմանատիպ հարթակներ շատ կան, որոնցից ամեն մեկն ունի ֆունկցիոնալ տարբեր առաջարկներ»,- հավելել է նա:

Նարինե Դանեղյան