13:28 | 19.06.20 | Նորություններ | 2159

Արմեն Սարգսյանը խոսել է էլեկտրոնային գործիքների ներդրման կարեւորության մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ կորոնավիրուսից հետո պետք է ավելի ջանասիրաբար աշխատել էլեկտրոնային կառավարման (eGovernment), էլեկտրոնային առողջապահության (eH) եւ էլեկտրոնային ուսուցման (EdTech) ներդրման ոլորտներում:

Այս մասին ՀՀ նախագահն ասել է «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» եւ Armenian Mirror-Spectator պարբերականներին տված հարցազրույցում:

Նախագահը նշել է, որ պետք է ունենանք հստակ տեսլական՝ համահունչ աշխարհի զարգացման տեսլականին։ 

«Հայաստանում պետք է ամեն բան զարգացնել՝ գյուղատնտեսությունից մինչեւ ժամանակակից տեխնոլոգիաներ։ Օրինակ, կորոնավիրուսից հետո պետք է ավելի ջանասիրաբար աշխատել էլեկտրոնային կառավարման (eGovernment), էլեկտրոնային առողջապահության (eH) եւ էլեկտրոնային ուսուցման (EdTech) ներդրման ոլորտներում,- ասել է Արմեն Սարգսյանը: -Այն երկրները, որոնք հաջողությամբ կարողացել են խթանել, կիրառել, ներդնել այս գործիքները, շատ ավելի ուժեղ եւ դիմադրող են»։Կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո նախագահ Սարգսյանը մտադիր է վերադառնալ ATOM նախագահական նախաձեռնությանը, որը միտված է միջազգային կազմակերպություններ Հայաստան բերելուն, արհեստական բանականության զարգացման նպատակով լաբորատորիաներ ստեղծելուն: 

«Այն ապագայի հիմնարար գործիք է սննդի արտադրության, գյուղատնտեսության, միջպետական հարաբերությունների, կորոնավիրուսի դեմ պայքարի, կենսաբանական տեխնոլոգիաների զարգացման, առողջապահության եւ այլ ոլորտներում: Աշխարհը գնում է դեպի նոր էլեկտրոնային բանկային համակարգ եւ էլեկտրոնային սպասարկում: Հետեւաբար, անհրաժեշտ են լինելու բազմաթիվ գործիքներ, որպեսզի այդ համակարգերը լինեն արդյունավետ»,- նշել է Հանրապետության նախագահը։