11:31 | 09.06.20 | Նորություններ | 2249

Մարդն ու արհեստական ​​բանականությունը կմրցեն օդային մարտում

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը արհեստական բանականության կողմից կառավարվող անօդաչու թռչող սարքի եւ մարդու կողմից ղեկավարվող կործանիչի մասնակցությամբ շոու-մարտ կկազմակերպեն:

Այս մասին հայտարարել է Պենտագոնի արհեստական բանականության միասնական հետախուզական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ջեք Շենահենը: Նրա փոխանցմամբ, մենամարտը կկայանա 2021թ. հուլիսին:

Պաշտոնյայի խոսքով, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիան (AFRL) «ընդարձակում է սահմանները»՝ ռազմական նպատակներով արհեստական բանականության լուծումների օգտագործման հարցում: Միեւնույն ժամանակ, Շենահենը վստահություն է հայտնել, որ օդային մարտում «մեքենան կհաղթի մարդուն»:

Փորձի մանրամասները գաղտնի են պահվում:

Air Force Magazine-ի փոխանցմամբ, անօդաչու ինքնաթիռի մշակումները սկսվել են 2018թ.: Սա առաջին օրինակը չէ, երբ ԱՄՆ օդուժն օգտագործում է արհեստական բանականության լուծումներ՝ ռազմական առաջադրանքներ կատարելու համար: Մինչեւ 2023թ. նախատեսվում է Skyborg մարտական անօդաչու սարքի գործարկումը, որը կիրականացնի հետախուզական առաքելություն: