18:32 | 08.06.20 | Նորություններ | 5143
VEON ընկերությունը, որին պատկանում է Beeline Armenia ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիա»-ն, այսօր հաստատել է քննարկումները «Թիմ» ՍՊԸ-ի հետ՝ «պոտենցիալ գործարքի մասին»:
«Այս քննարկումների արդյունքում կարող է գործարք կնքվել, կարող է եւ չկնքվել: VEON հանդես կգա նոր հաղորդագրությամբ՝ կարգավորիչ պահանջներին համապատասխան, եթե դրա կարիքը լինի», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ucom-ի համահիմնադիրներ Հայկ եւ Ալեքսանդր Եսայանների կողմից ստեղծված «Օլնեթ» ընկերությունը վերանվանվել է «Թիմ» ՍՊԸ եւ շուտով կսկսի հեռահաղորդակցության ծառայություններ մատուցել TEAM. Telecom Armenia բրենդի ներքո։
Ընկերության հաղորդագրության համաձայն, «Թիմ» ՍՊԸ-ն մայիսի 13-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործում) գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիա ստանալու նպատակով, ինչպես նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով՝ ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային լիցենզիա ստանալու համար։