14:44 | 27.05.20 | Նորություններ | 19651

Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է բնակարանաշինության ծրագիրը

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում բնակվող Գուլակյանների ընտանիքը ունի տանիքի փլուզման վտանգ: Երկու տարի առաջ, գարնանային հորդառատ անձրեւներից պոկվել է խոհանոցի առաստաղն ու լուրջ մտահոգվելու առիթ տվել:

Տանտերը՝ զինվորական Հարությունը, երեք դուստրերի եւ կնոջ հետ, արդեն 17 տարի ապրում է հորաքրոջ տանը: Աշխատանքի բերումով, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում մենակ թողնել ընտանիքն եւ լուրջ տագնապ է ապրում մինչեւ իր վերադարձը: Երիտասարդ տանտերը բացակայում էր նաեւ նկարահանման պահին:

«Տանիքում մեծ քանակությամբ հող կար կուտակած. ժամանակին այդպես են կառուցել: Տարիների ընթացքում, հողը խոնավությունից ծանրացել էր: Մի օր էլ առաստաղը պոկվեց եւ ամբողջ հողը ներքեւ թափվեց: Հիմա նույն վտանգը սենյակներից մեկում էլ կա: Անհանգստանում ենք: Այդ մասում որեւէ գործ չենք ձեռնարկում, որովհետեւ տանիքն ամբողջությամբ կառուցելու անհրաժեշտություն ունի»,- ասել է երիտասարդ տանտիրուհին՝ Զարինեն:

Խնդիրը ներկայացվել է բնակարանաշինության ծրագրի շրջանակում գործակցող կազմակերպություններին: Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ մինչեւ տարեվերջ տանիքը կկառուցվի: