17:25 | 20.05.20 | Նորություններ | 16879
ՎԵՈՆ խումբը (գլխամասը՝ Ամստերդամում) հրապարակել է տարեկան սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը, որում ներկայացված է խմբի առաջխաղացումը եւ դրական ազդեցությունը՝ ներկայացված երկրների հասարակությունների վրա:
Մասնավորապես, ներկայացված են հիմնական ընդհանուր տնտեսական արդյունքները, էթիկայի կանոններին համապատասխանությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ ընկերությունների կողմից կատարած սոցիալական ներդրումները:
Որպես խոշոր միջազգային ընկերություն, ՎԵՈՆ-ն իր նպատակն է համարում աշխատել ՄԱԿ-ի կայուն զարգացման հիմնական չորս նպատակների (Sustainable Development Goals) ուղղությամբ, այդ թվում` որակյալ կրթության (թվային գրագիտության) եւ արտադրության ու նորարարության (ստարտափ էկոհամակարգի զարգացում):
Հայաստանը հաշվետվության մեջ ներկայացված է մասնավորապես իր թվային գրագիտությանն ուղղված՝ «Թվային հնարավորություններ աշակերտների համար» նախագծով, որը 2019 թ. իրականացվել է Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ: Նախագծի շրջանակում Հայաստանի չորս մարզերի 100 դպրոցականներ երկրի առաջատար փորձագետների օգնությամբ սովորել են օգտվել թվային տարբեր գործիքներից իրենց ամենօրյա ուսումն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
«Մենք ուրախ ու հպարտ ենք լինել ՎԵՈՆ խմբի լիիրավ անդամ եւ լիովին կիսում ենք խմբի մոտեցումը սոցիալական պատասխանատվությանը: Մենք վստահ ենք, որ Հայաստանում Beeline-ի կողմից իրականացվող հրաշալի նախագծերը կօգնեն մեր երիտասարդներին տիրապետել ժամանակակից թվային գործիքներին, ստեղծել իրենց սեփական ապագան եւ թողնել իրենց հետքը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ հետեւելով խմբի քաղաքականությանը, Հայաստանում Beeline-ն անցած տարվա ընթացքում իրականացրել է թվային գրագիտությանն ուղղված նախագծեր Թումո կենտրոնի եւ Մանկական զարգացման հիմնադրամի հետ, ինչպես նաեւ ստարտափների աջակցության ծրագրեր, որոնց թվում են Սեւան ստարտափ սամմիթը՝ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ, StartHub հարթակը՝ Տեխնոլոգիական զարգացման կենտրոնի հետ, Beeline ստարտափ ինկուբատորը՝ BANA – Հայաստանի հրեշտակ ներդրողների ցանցի հետ եւ Տվյալագիտության ամառային դպրոցը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ:
Հաշվետվության հետ ամբողջությամբ կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: