12:30 | 19.05.20 | Նորություններ | 2243
Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ստեղծված ճգնաժամն ազդում է նաեւ տեխնոլոգիական հսկաների գործունեության վրա: Uber-ը հայտարարել է, որ կփակի 45 գրասենյակ, աշխատանքից կհեռացնի եւս 3000 մարդու եւ կվերանայի անօդաչու մեքենաներին առնչվող նախագծերը՝ համավարակի պատճառով:
Կրճատումները թույլ կտան ընկերությանը շուրջ $1 մլրդ տնտեսել:
Աշխատակիցներին ուղղված նամակում ընկերության ղեկավար Դարա Խոսրովշահին ասել է, որ առաջին հերթին կփակվի Սան Ֆրանցիսկոյում գտնվող գրասենյակը, որտեղ շուրջ 500 մարդ է աշխատում:
Նա տեղեկացրել է, որ ծախսերը կրճատելու նպատակով կդադարեն գործել ընկերության արտադրական ինկուբատորը եւ արհեստական բանականության լաբորատորիան:
Կքննարկվի նաեւ անօդաչու սարքերի եւ բեռնափոխադրումների ուղղությունները զարգացնելու նպատակահարմարությունը. այս ուղղությունները զարգացնելու համար ընկերությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել:
Ընկերության համար ստեղծված իրավիճակում ամենաեկամտաբերը Uber Eats առաքման ծառայությունն է, սակայն, Խոսրովշահիի խոսքով, այն ի զորու չէ լուծել ընկերության ֆինանսական խնդիրները:
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Uber-ը հայտարարել էր 3700 աշխատակցի կրճատելու մասին, որը կազմում է ընկերության գլոբալ թիմի 14%-ը: