10:51 | 19.05.20 | Նորություններ | 16761
Եվրոպական միությունը եւ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում են ստարտափ ընկերությունների զարգացմանն ուղղված նոր ծրագրին, որն իրականացնում է Հայաստանի ստարտափ ակադեմիան:
Հայաստանի ստարտափ ակադեմիայի առաջին Traction ծրագրի համար արդեն ընդունվում են հայտադիմումներ։ 10-շաբաթյա ծրագիրը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող եւ արդեն իսկ որոշակի արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը եւ ներդրումներ ներգրավել։
Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր եւ աջակից։
Traction ծրագիրը առաջարկում է վաճառքի (Sales), աճի հաքինգի (Growth Hacking) եւ ներդրումների ներգրավման (Fundraising) մենթորություն եւ անհատական զարգացման ծրագիր։
10-շաբաթյա ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները հնարավորություն կունենան անմիջականորեն աշխատել վաճառքի եւ աճի հաքինգի (Growth Hacking) ասպարեզում առաջատար մասնագետների հետ, սահմանել եւ հաստատել իրենց աճի հնարավոր ուղիները, կատարելագործել եւ վավերացնել իրենց ռազմավարությունները եւ ստանալ աջակցություն` միջազգային շուկաներում ընդլայնվելու համար։
Յուրաքանչյուր մասնակից ընկերություն կանցնի կարիքների հիման վրա մշակված անհատական զարգացման ծրագիր եւ կունենա շաբաթական կամ երկշաբաթյա հանդիպումներ մենթորների հետ։ Բոլոր այն ստարտափները, որոնք համապատասխանում են հետեւյալ չափանիշներին, կարող են դիմել ծրագրին․
- Հասցրել են ցուցաբերել որոշակի վաղ արդյունք (եկամտի, վաճառքի, օգտատերերի բազայի եւ այլնի առումով),
- Գործարկել են պրոդուկտը (կամ ունեն MVP/նախատիպ) կամ պատրաստ են գործարկելու այն մինչեւ մայիսի 31-ը,
- Ներգրավել են նվազագույնը 20,000 եվրո` դրամաշնորհների, «հրեշտակ» ներդրումների, վենչուրային ֆինանսավորման տեսքով կամ սեփական միջոցներով, կամ արդեն եկամուտներ են գեներացնում (ոչ պարտադիր, բայց նախընտրելի),
- Նախկինում մասնակցել են որեւէ այլ ինկուբացիոն կամ նախաաքսելերացիոն ծրագրի (ոչ պարտադիր, բայց նախընտրելի)։
«Քաթըլիսթ» հիմնադրամի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը նշել է. «Traction ծրագիրը բխում է էկոհամակարգում այլ մակարդակի ծրագիր ունենալու անհրաժեշտությունից։ Ծրագիրը մշակված է այն ընկերությունների համար, որոնք աշխատում են ներդրումներ ներգրավելու եւ աճի կամ վաճառքների ռազմավարություն
մշակելու ուղղությամբ: Մենք ուրախ ենք օգնել այդ ընկերություններին աճել եւ ընդլայնվել Հայաստանի սահմաններից դուրս»։
ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Յոհաննա Միխայելա Վեբերը Ստարտափ ակադեմիայի այս նոր ծրագիրը համարում է բացառիկ հնարավորություն Հայաստանում գտնվող այն ստարտափների համար, որոնք պատրաստ են հաջորդ մեծ քայլը կատարել եւ դուրս գալ համաշխարհային ասպարեզ։
«ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնությունը աջակցել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգին 2016 թվականից ի վեր՝ տրամադրելով շուրջ 1․28 մլն եվրո ներդրում դրամաշնորհների եւ տեխնիկական աջակցության ձեւով, ներառյալ` Հայաստանի ստարտափ ակադեմիայի առաջին 4 փուլերը, որոնք իրականացվել են մեր վստահելի գործընկեր «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից: Հետեւաբար, մենք ուրախությամբ շարունակում ենք այս աջակցությունը՝ նպատակ ունենալով բացել հայկական նորաստեղծ ձեռնարկությունների զարգացման նոր հեռանկարներ»,- նշել է նա:
«Վերջին տարիներին մենք Հայաստանում նկատել ենք ստարտափների կտրուկ աճ: Եղել են ինչպես հաջողակ նախաձեռնություններ, այնպես էլ ձախողումներ: Նախաձեռնողականությունն ու ստեղծագործական գործունեությունը խիստ կարեւոր են, եւ, այսուհանդերձ, ոչ բավարար հաջող մեկնարկի համար: Վիվա-ՄՏՍ-ը միանում է այս կարեւոր նախագծին, որի նպատակն է աջակցել ստարտափներին անցնելու զարգացման հաջորդ փուլ, որպեսզի դրանք վերածվեն կայուն բիզնես կառույցների եւ ներգրավեն միջազգային ներդրումներ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս նոր ծրագիրը էականորեն տարբերվում է նախորդներից․ մենք նպատակ ունենք ակտիվ աշխատանք ծավալել պրոֆեսիոնալ մենթորների հետ, ովքեր ընտրված ընկերությունների հետ կմշակեն համապատասխան ռազմավարություններ, - նշում է «Քաթըլիսթ» հիմնադրամի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը, - Այս
կառուցվածքը հնարավորություն կտա մասնակիցներին ավելի սերտորեն համագործակցել մենթորների հետ եւ առավելագույն արդյունք ստանալ համագործակցությունից»։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, որին կհետեւեն հարցազրույցները մասնակից ընկերությունների ցուցակը վերջնականացնելու համար։ Մինչ այդ, Տեղեկատվական հանդիպում տեղի կունենա մայիսի 25-ին (հանդիպման համար գրանցումը հասանելի է այստեղ)։ Ծրագիրը, ինչպես նաեւ տեղեկատվական հանդիպումը իրականացվելու են հեռահար եղանակով՝ COVID-19 համաճարակի բռնկման եւ երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված։