16:23 | 18.05.20 | Նորություններ | 13494
Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, «Ռոստելեկոմ» Հայաստանի աջակցությամբ տեղի ունեցավ Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) պաշտոնական վեբ-կայքի շնորհանդեսը՝ rusartmuseum.am:
Շնորհանդեսը կայացավ այս օրերին ամենաարդիական տարբերակով՝ առցանց՝ Zoom հարթակի միջոցով:
Առցանց շնորհանդեսին ներկա էին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը, «Ռոստելեկոմ» Հայաստանի Արտաքին կոմունիկացիաների եւ մեդիա հարաբերությունների պատասխանատու Հայկուհի Գրիգորյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի մամլո քարտուղար Սիրանուշ Գյուրջինյանը, «Վեբ Աբրիկոտ» ընկերության տնօրինությունը:
«Շնորհավորում եմ բոլորիս՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: 2016 թվականից ի վեր թանգարանը չուներ պաշտոնական վեբ-կայք եւ պատահական չէ, որ այսքան տարիների աշխատանքից հետո հենց այս օրը տեղի ունեցավ թանգարանի կայքի շնորհանդեսը: Կայքն ունի այն բոլոր նորարարությունները, որոնք պահանջում են այսօրվա թանգարանները՝ անդամակցության, առցանց խանութի, կրթական ծրագրերի, ինչպես նաեւ առաջիկայում առցանց խաղերի հնարավորությամբ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր աջակիցներին՝ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»,- նշել է Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը:
«Ռոստելեկոմ»-ի աջակցությունը թանգարանի վեբ կայքի ստեղծմանը յուրօրինակ է, քանի որ համագործակցության արդյունքում ընկերությունը իր հավատարիմ հաճախորդների համար թանգարանից ձեռք է բերել տոմսեր, եւ վաճառքից ստացված ողջ գումարը ուղղվել է կայքի ֆինանսավորմանը:
««Ռոստելեկոմ» ընկերության եւ Ռուսական արվեստի թանգարանի համագործակցությունը շուրջ 4 տարվա պատմություն ունի, եւ այս տարիների ընթացքում ընկերությունը հնարավորինս աջակցել է թանգարանին ինչպես կրթական ծրագրերի՝ արվեստը բոլորին հասանելի դարձնելու նպատակով, այնպես էլ տեխնոլոգիաները արվեստի ոլորտում կիրառելու ուղղությամբ: Ուրախ ենք, որ վերջապես թանգարանը ունի պաշտոնական վեբ-կայք, որի միջոցով հնարավոր կլինի առավել մեծ թվով այցելություններ ներգրավել՝ արդեն նաեւ առցանց տարբերակով»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի արտաքին կոմունիկացիաների եւ մեդիա հարաբերությունների պատասխանատու Հայկուհի Գրիգորյանը:
Նոր կայքը եռալեզու է` կազմված 7 բաժիններից եւ 14 ենթաբաժիններից, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ թանգարանի պատմությանը, հավաքածուին, հեղինակներին, կրթական եւ ցուցահանդեսային գործունեությանը եւ այլն: Վիրտուալ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու մշտական ցուցադրությանը, իսկ հետազոտողները «Շտեմարան» ենթաբաժնի միջոցով կարող են ուսումնասիրել թանգարանի թվայնացված ողջ հավաքածուն:
«Շնորհավորում եմ Ռուսական արվեստի թանգարանին՝ պաշտոնական վեբ-կայքի թողարկման կապակցությամբ: Հաճելի է, որ կայքը ստեղծվել է դասական կերպարվեստի թանգարաններին բնորոշ ոճով: Վստահ եմ՝ այն շատ կօգնի՝ առաջիկայում թանգարանը առավել հանրաճանաչ դարձնելու ճանապարհին»,- նշել է ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:
Կայքում առանձին էջ հատկացված է թանգարանին անդամակցել ցանկացողների համար, իսկ հուշանվերների սիրահարները «Թանգարանային խանութ» բաժնի միջոցով կարող են ծանոթանալ հուշանվերային արտադրանքի հետ: «Կրթական ծրագրեր» բաժինը դպրոցականներին եւ մեծահասակների ծանոթացնում է թանգարանի կողմից առաջարկվող ինտերակտիվ խաղ ծրագրերին:
«Մեր օրերում շատ կարեւոր է ունենալ կայք՝ առցանց ներկայություն: Այն հնարավորություն է տալիս 0+ տարիքի բոլոր մարդկանց այցելել թանգարան՝ վայելելու այն ամբողջ հմայքը եւ արժեքները, որոնք ներկայացված են թանգարանում: Համոզված եմ, որ կայքի միջոցով հնարավոր կլինի ներկայանալ ոչ միայն լոկալ, այլ նաեւ գլոբալ աշխարհում»,- ասել է ԲՏԱ նախարարի մամուլի քարտուղար Սիրանուշ Գյուրջինյանը:
Կայքը հնարավորություն կտա թանգարանին՝ նոր լսարաններ ներգրավելու: Այն լավագույն այցեքարտն է միջազգային համագործակցության համար:
«Շատ ուրախ եմ, որ այս երկար աշխատանքը վերջապես տվեց իր արդյունքը: Այժմ թանգարանի դռները բաց են ամբողջ աշխարհի առաջ, եւ յուրաքանչյուր ոք կարող է մուտք գործել կայք եւ ծանոթանալ արժեքավոր ցուցանմուշներին, զգալ այդ հաճույքը՝ հաղորդակցվելով արվեստի հետ»,- նշել է «Վեբ Ապրիկոտ» ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Եփրեմյանը:
Կայքի շնորհանդեսի մասին համառոտ տեսանյութը հասանելի է այստեղ: