16:21 | 08.05.20 | Նորություններ | 2795

ՊԵԿ-ը քարտի միջոցով հարկերն էլեկտրոնային եղանակով վճարելու հնարավորություն է ստեղծել

Պետական եկամուտների կոմիտեն հարկերն էլեկտրոնային վճարելու նոր այլընտրանք է ստեղծել։

Այսուհետ տնտեսվարողները եւ ֆիզիկական անձինք կարող են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում կատարել հարկային պարտավորությունները՝ բանկային քարտով վճարման միջոցով:

ՊԵԿ-ում նշել են, որ Կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկ վճարողները ողջ գործընթացը՝ հաշվետվություն ներկայացնելուց մինչեւ հարկերի վճարում, կարող են իրականացնել առանց կոմիտե կամ բանկ այցելելու։

Նախկինում վճարում կատարելու նպատակով հարկ վճարողներն այցելում էին բանկ կամ օգտվում բանկերի էլեկտրոնային հարթակներից, իսկ այսօր հաշվետվությունների ներկայացման եւ հարկային պարտավորությունների կատարման ամբողջ գործընթացը հնարավոր է իրականացնել այստեղ:

«Եթե բանկ այցելելու միջոցով վճարումը կատարելիս երբեմն կազմակերպության տվյալները սխալ էին մուտքագրվում, նոր համակարգը նման վրիպումները բացառում է, քանի որ համակարգ մուտք գործելիս արդեն իսկ նույնականացվում են տնտեսվարողի տվյալները»,- նշել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվության փոխանակման եւ կառավարման բաժնի պետ Արսեն Ղարիբյանը։

Վճարումը բարեհաջող կատարելու դեպքում հարկ վճարողի էլեկտրոնային փոստին ծանուցում է գալիս, իսկ ծագած խնդիրների մասին հաղորդագրությունը հայտնվում է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում գտնվող հարկ վճարողի էջում։

Նոր համակարգի միջոցով վճարումները կատարվում են ակնթարթորեն, իսկ պարտավորությունները բանկի կողմից գանձապետական հաշիվներին փոխանցվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

ՊԵԿ-ում նշել են, որ առաջիկայում հնարավորություն կստեղծվի նույն հարթակում վճարումներ կատարել նաեւ բանկային հաշիվներից: