10:59 | 06.05.20 | Նորություններ | 2783

Հայաստանի օգտատերերի 28,3%-ը համացանցից գրոհների է ենթարկվել

Հայաստանում 2020թ. առաջին եռամսյակում համացանցից գրոհների ենթարկվել է օգտատերերի 28,3%-ը, եւ գրանցվել է դրանց հետ կապված 331 հազ. 20 միջադեպ։

2019թ. նույն ժամանակահատվածում նման գրոհների բախվել է օգտատերերի 16,13%-ը։

Ինչպես վկայում են «Կասպերսկի» ընկերության տվյալները, 2020թ. հունվար-մարտին տեղային սպառնալիքների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 38%-ը, իսկ այդ սպառնալիքների հետ կապված միջադեպերի քանակը կազմել է 626 հազ. 552։

Նախորդ տարվա նույն ամիսներին տեղային սպառնալիքներով վարակման փորձերի Հայաստանում բախվել է համակարգիչների 41%-ը։ Այդ սպառնալիքները համակարգիչ են ներթափանցում ֆայլերի (նիշք) միջոցով կամ հանովի կրիչներից (ֆլեշ-կրիչներ, ֆոտոխցիկների եւ հեռախոսների հիշողության քարտեր, արտաքին կոշտ սկավառակներ) վարակման ճանապարհով կամ համակարգչում են հայտնվում ոչ բաց տեսքով (օրինակ՝ բարդ ինստալյատորների պարունակած ծրագրեր, ծածկագրված ֆայլեր եւ այլն)։

Փորձագետները համացանցից գրոհներից՝ վարակված վեբ-էջերից վնասաբեր օբյեկտների ներբեռնումից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս օգտագործել վեբ-մոդուլով հուսալի հակավիրուս։ Չարագործները կամ հատուկ են ստեղծում վնասաբեր կայքէջեր, կամ կոտրում են օրինական ռեսուրսները եւ այդտեղ տեղադրում վնասաբեր սկրիպտներ եւ ամենատարբեր նշանակության ծրագրեր, կրիպտոարժույթների թաքնված մայներեներ, ծածկագրող շորթիչներներբեռնող փաթեթներ, անհատական եւ բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։

Տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հրաժարվել հանովի կրիչներով աշխատանքից, եւ դրանց օգտագործման անհրաժեշտության դեպքում կրիչներն ստուգել հուսալի հակավիրուսով։ Հարկ է միշտ ստուգել նաեւ ներբեռնվող բարդ ինստալյատորները եւ արխիվները։ Վարակումը խոչընդոտում է նաեւ համակարգչում հանովի կրիչների ֆայլերի ավտոմատ գործարկման գործառույթն անջատելը։