16:32 | 28.04.20 | Նորություններ | 7474
Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում տեղաբնակ տաղանդավոր երիտասարդները հնարավորություն կունենան ստանալ հմտություններ ոսկերչության եւ դիզայնի ոլորտներում:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ջանքերով եւ Bagheshian Jewellery ոսկերչական սրահի ու արտադրամասի հիմնադիր Էֆրին Բաղի աջակցությամբ:
Համագործակցության շրջանակում կկազմակերպվի 3D մոդելավորում (Rhino3D/ RhinoGold ծրագրի) դասընթացը, որի մասնակիցները, ստանալով անհրաժեշտ պրակտիկ հմտություններ, կընդգրկվեն Bagheshian Jewellery-ի համար յուրահատուկ զարդերի մոդելների պատրաստման գործընթացում:
Ծրագիրը, որը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, նպատակ ունի կապել նորարարությունն ավանդական ոլորտի՝ ոսկերչության հետ եւ նպաստել մարզերում աշխատատեղերի ստեղծմանը:
Դասընթացը, որի ընթացքում (նաեւ առցանց եղանակով) կվերապատրաստվի մինչեւ 30 ուսանող, կանցկացվի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը: Այնուհետ կմեկնարկի պրակտիկ աշխատանքների կազմակերպման փուլը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 31-ը։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կարեւորում է նման նախագծերի միջոցով ոլորտների միջեւ երկխոսության հաստատման հնարավորությունը:
«Համագործակցության շրջանակում կձեւավորվի ոլորտների միջեւ երկխոսություն, արագ կգնահատվեն կարիքները եւ սեղմ ժամկետներում մասնագետների կողմից կմշակվեն լուծումներ՝ տնտեսության թիրախային ճյուղերի համար»,- ընդգծել է նա:
Բագրատ Ենգիբարյանի խոսքով, սա կհանգեցնի արդյունաբերության ավանդական ճյուղերում «խելացի» նորորարական լուծումների կիրառմանը, որը, տնտեսական ճգնաժամի դեպքում, բիզնեսի շարունակականությունը ապահովելու հնարավորություններ կստեղծի:
«Սա երկու կարեւորագույն ոլորտների միջեւ երկարաժամկետ համագործակցության հնարավորություն է, երբ Հայաստանում ստեղծված նորարարական համաշխարհային կարեւորության լուծումներն օգտագործվում են հենց Հայաստանի տնտեսության հզորացման համար»,- ընդգծել է նա:
Գործարար Էֆրին Բաղը կարծում է, որ նման նախաձեռնությունները կնպաստեն նորարարությունն ու արտադրությունը միավորելու գործընթացին:
«Այսօր աշխարհը փոխվում է, եւ այդ փոփոխություններին զուգահեռ երկու ոլորտների համագործակցությամբ կարող է ծնվել նոր մշակույթ, որում ակտիվ մասնակցություն կունենան Հայաստանի մարզերի երիտասարդները: Արդյունքում, ականատեսը կլինենք մարզերի համաչափ զարգացմանը, աշխատատեղերի ավելացմանը եւ արտագաղթի կանխմանը»,- նշել է Էֆրին Բաղը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով, այս ծրագիրը սկիզբն է նորարարական եւ ավանդական ոլորտների համագործակցության:
«Ականատեսը կարող ենք դառնալ նորարարական կարճաժամկետ եւ երկարաժամկետ լուծումների մշակման գործընթացներին՝ գյուղատնտեսության, տեքստիլի եւ հատկապես տուրիզմի ոլորտների համար, ապահովելով վերջիններիս անխափան գործունեությունը արտակարգ իրավիճակներում»,- նշել է նա: