11:21 | 22.04.20 | Նորություններ | 1968

Gmail-ը COVID-19-ի թեմայով օրական 18 մլն վտանգավոր նամակ է արգելափակում

Gmail փոստային ծառայությունը կորոնավիրուսի թեմայով օրական շուրջ 18 մլն էլեկտրոնային նամակ է արգելափակում. այդ նամակները պարունակում են հղումներ՝ դեպի վնասաբեր կայքեր կամ ծրագրեր:

VentureBeat-ի փոխանցմամբ, Google-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ վերջին շրջանում հեռավար աշխատանքի ռեժիմի անցնելու հանգամանքից սկսել են ակտիվորեն օգտվել կիբեռհանցագործները:

Նշվում է, որ ֆիշինգ հարձակումները, որոնց ընթացքում վտանգավոր հղումներով մեծ թվով էլեկտրոնային նամակներ են ուղարկվում, շարունակում են մնալ կիբեռհանցագործների համար ամենաարդյունավետ գործիքը՝ աշխատակիցների անձնական տվյալներին հասանելիություն ձեռք բերելու համար:

Կիբեռհանցագործները ձեւանում են որպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ պետական կառավարման մարմինների փորձագետներ եւ առաջարկում հավելյալ տեղեկատվություն ստանալու համար անցնել նշված հղումով:

Google-ում տեղեկացրել են, որ Gmail-ն օրական արգելափակում է ավելի քան 100 մլն ֆիշինգային նամակ: Նման հարձակումներից պաշտպանվելու համար Google-ը խորհուրդ է տալիս ուշադիր լինել անհայտ էլ.հասցեներից ստացվող նամակների նկատմամբ: Խորհուրդ է տրվում չներբեռնել նամակին կից ֆայլերը, այլ դրանք նախապես բացել Gmail-ում ներկայացված ֆայլի նախնական դիտման գործիքով:

Հղումը բացելուց առաջ պետք է այն ուսումնասիրել. հաճախ կիբեռհանցագործներն օգտագործում են հայտնի կայքերի կեղծ տարբերակները՝ մեկ կամ մի քանի տառի տարբերությամբ: