17:44 | 21.04.20 | Նորություններ | 6203
«Ամերիկացիները կարող են ստեղծել մանրէաբանական զենք», «Վրաստանը դիտավորյալ վարակում է մոծակներին ու վերջիններիս ուղարկում Ռուսաստան», «Հրապարակվել են վրացական լաբորատորիաներում զանգվածային մահացությունների մասին տվյալներ»:
Ո՛չ, սրանք ապոկալիպսիսի մասին հոլիվուդյան թրիլերից քաղված արտահայտություններ չեն, ինչպես կարող էիք կարծել: Սրանք հատվածներ են Թբիլիսիի արվարձաններում գտնվող Ռիչարդ Լուգարի անվան Հանրային առողջապահության հետազոտական կենտրոնի մասին ռուսաստանյան ԶԼՄ-ների հաղորդագրություններից: Այս լաբորատորիան աշխատում է Վրաստանի եւ ԱՄՆ-ի գործընկերությամբ: Բայց կենտրոնի գործունեությունը, չգիտես ինչու, առավելապես մտահոգում է Ռուսաստանին, որն ապատեղեկատվության ու քարոզչության միջոցով պարզապես «ռմբակոծում է» լաբորատորիան:
«2018թ.-ի սեպտեմբերին ամբողջ աշխարհը խոսում էր Ռուսաստանի կողմից Մեծ Բրիտանիայի տարածքում «Նովիչոկ» նյարդա-կաթվածային նյութի օգտագործման մասին: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը խոսում էր Լուգարի լաբորատորիայի մասին՝ որպես մի վայրի, որտեղ ԱՄՆ-ն, իբրեւ թե, Ռուսաստանի Դաշնության դեմ կենսաբանական զենք էր պատրաստում», - պատմում է ԶԼՄ-ների զարգացման վրացական հիմնադրամի գիտաշխատող Սոպո Գելավան:
Եթե Google-ի կամ YouTube-ի որոնման վանդակում մուտքագրեք «Լուգարի լաբորատորիա» արտահայտությունը, ապա կտեսնեք, որ դրա վերաբերյալ ահաբեկող նորությունների մեծ մասը պատրաստվել են հենց ռուսաստանյան լրատվամիջոցների կողմից: Այդ առասպելները հաղթահարելու համար Լուգարի լաբորատորիան բացեց իր դռները եւ ցույց տվեց, թե ինչ է կատարվում ներսում:
«Լաբորատորիան ավելի շատ ռուս լրագրողների է ընդունել, քան՝ վրացի: Եվ նրանց թույլ տվեցին մուտք գործել բոլոր սենյակներ ու շենքեր», - ասում է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պատա Իմնաձեն:
Բայց նույնիսկ լաբորատորիայի տարածքում անընդհատ կազմակերպվող բաց շրջագայությունները չօգնեցին, որպեսզի ռուսաստանյան քարոզչամիջոցները փոխեն իրենց տեղեկատվական օրակարգը: Օրինակ՝ ռուսական «Sputnik» լրատվական գործակալությունը արհամարհանքով եւ անվստահությամբ նկարագրեց լաբորատորիայի կազմակերպած «բաց դռների օրը»:
Իհարկե, Լուգարի լաբորատորիայի մասին ռուսաստանյան ԶԼՄ-ների «ճչացող» հայտարարություններից եւ ոչ մեկը ճշմարիտ չէր, եւ դրանք բոլորը հերքվեցին առողջապահության ոլորտի մասնագետների կողմից: Բայց նրանք հասան ցանկալի արդյունքի. վրացիների 20%-ը վստահ է, որ լաբորատորիան նպաստում է համաճարակների տարածմանը: Ահա այսպես է աշխատում ապատեղեկատվությունը՝ հետճշմարտության դարաշրջանում:
Ապատեղեկատվություն = անվստահություն, քաոս, խուճապ
2017թ.-ին Եվրոպական միությունը գործարկեց euvsdisinfo.eu ռեսուրսը՝ Ռուսաստանի կողմից տարածվող ապատեղեկատվության դեմ պայքարի համար: Այն վարվում է երեք լեզվով` անգլերեն, ռուսերեն եւ գերմաներեն: Կայքն ունի ապատեղեկատվության տվյալների շտեմարան, որում հավաքվել է մոտ 8 հազար օրինակ (2015թ.-ից ի վեր):
Ապատեղեկատվական հաղորդագրությունների կեսի թիրախում Խորհրդային Միությանը նախկինում մաս կազմած վեց երկրներ են. Ադրբեջան (31), Հայաստան (80), Մոլդովա (132), Բելառուս (252), Վրաստան (345), Ուկրաինա (3193): Հենց նրանց է Ռուսաստանն արդեն երկար ժամանակ ցանկանում պահել իր ազդեցության ուղեծրում:
Այս երկրների դեմ կիրառված ապատեղեկատվության օրինակներից շատերն ուղղված են խուճապի սրմանը, ներքաղաքական իրավիճակի խաթարմանը, ահաբեկմանը կամ ռազմական լարվածության թեժացմանը (Ուկրաինայի դեպքում): Ուղերձները հաճախ պարզապես անհեթեթ են թվում, հաճախ էլ ունեն բացահայտ ստի կամ շրջադարձված տեղեկատվության տեսք: Բայց դրանից դրանց արդյունավետությունը չի նվազում:
«Ապատեղեկատվության ամենաբարձր մակարդակի հետ Ուկրաինան առնչվել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման եւ Դոնբաս ներխուժման ժամանակ: Դրանք լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում հիբրիդային քարոզչական գործիքներ էին», - ասում է ուկրաինական «Сегодня» առցանց լրատվամիջոցի քաղաքական մեկնաբան Կրիստինա Զելենյուկը:
Հայաստանցի մեդիափորձագետ Սամվել Մարտիրրոսյանի խոսքով, ապատեղեկատվության շուկան չափազանց մեծ է, եւ այնտեղ աշխատում են լավ մասնագետներ, ովքեր անընդհատ մարդկանց մանիպուլացման նոր գործիքներ ու մեթոդներ են փնտրում:
«Այսօր հնարավոր է ժամերի ընթացքում խուճապ տարածել՝ օգտագործելով սոցիալական ցանցերը: Տեղեկատվությունն այնքան արագ է տարածվում, որ մարդկանց համար գրեթե անհնար է նույնականացնել ապատեղեկատվությունը»,- ասում է Սամվելը:
2020թ.-ի մարտին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը հրապարակեց հատուկ զեկույց՝ «Ապատեղեկատվություն կորինավիրուսի վերաբերյալ» վերտառությամբ, որում առանձին բաժնով ներկայացված է «կրեմլամետ ապատեղեկատվությունը»:
Միայն փետրվար-մարտ ամիսներին EUvsDisinfo ռեսուրսի տվյալների շտեմարանում գրանցվել է ռուսամետ լրատվամիջոցների կողմից տարածված կորոնավիրուսային ապատեղեկատվության ավելի քան 110 օրինակ: Այս օրինակները համապատասխանում են Կրեմլի ավանդական ռազմավարությանը, այն է՝ սերմանել անվստահություն եւ քաոս, խորացնել հասարակության շրջանում մտահոգություն առաջացնող ճգնաժամային իրավիճակներն ու հիմնախնդիրները:
Ընդ որում, ռուսաստանյան լսարանի համար նախատեսված ապատեղեկատվությամբ վիրուսը որակվում էր որպես արտաքին ագրեսիայի ձեւ՝ պնդելով, որ կորոնավիրուսը սկիզբ է առել գաղտնի ամերիկյան կամ արեւմտյան լաբորատորիաներից: Միջազգային լսարանի համար նախատեսված ապատեղեկատվությունը կենտրոնացած էր «համաշխարհային էլիտաների» վերաբերյալ դավադրության տեսությունների վրա, որոնք նպատակաուղղված կերպով վիրուսն օգտագործում են որպես զենք՝ իրենց նպատակներին հասնելու ճանապարհին:
Շոկ հարուցող կամ դավադրության տեսությունների միջոցով հաղորդվող կեղծ եւ մանիպուլյատիվ լուրերի մեծ քանակությունն աստիճանաբար փոխում է տեղեկատվության ընկալումը: Սկզբում մարդիկ պարզապես չեն ընկալում ապատեղեկատվությունը, հետո նրանք ուղղակի չեն հավատում դրան, բայց հետո՝ նմանատիպ նյութերի հաճախակի սփրդման պատճառով, մարդիկ արդեն սկսում են կասկածել: Հենց այս նպատակին են ձգտում հասնել տեղեկատվությունը շահարկող կազմակերպություններն ու երկրները:
«Ապատեղեկատվությունը սարսափելի սպառնալիք է եւ այն վերաբերում է ոչ միայն թերի կրթություն ունեցողներին կամ քաղաքականությանից չհասկացողներին: Ըստ էության, բոլորն էլ գտնվում են հարվածի տակ»,- ամփոփում է բելառուսական «Солидарность» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ստարիկեւիչը:
Քննադատական մտքի դեսպաններն ընդդեմ ֆեյքերի
Թվային աշխարհում նորությունների օրակարգի փոփոխման հաճախականությունն այնքան արագ է, որ մարդիկ պարզապես ժամանակ չեն ունենում իրադարձությունները խորապես վերլուծելու համար: Դրա պատճառով ֆեյքերն ու մանիպուլյացիաներն ընկալվում են որպես իրական լուրեր: Ապատեղեկատվության գաղտնազերծման աշխատանքը հանձն են առնում լրատվամիջոցները, ֆեյքերի բացահայտմամբ զբաղվող կազմակերպությունները, տեղեկատվական կամավորները:
«Բայց այս աշխատանքը չպետք է սահմանափակվի մարդկանց փոքր շրջանակով: Դրա արդյունքը պետք է տարածվի ողջ հասարակության մեջ: Մենք պետք է կրթենք հասարակությանը»,- կարծում է Սամվել Մարտիրոսյանը:
Ապատեղեկատվության դեմ պայքարում որպես արդյունավետ օգնականներ կարող են հանդես գալ երիտասարդները: Այս կարծիքին է վրացական On.ge առցանց մեդիա հարթակի տնօրեն Անինա Թեփնաձեն:
Նրա կարծիքով երիտասարդներն ավելի շատ են տեղեկացված ապատեղեկատվության մասին ու ավելի թերահավատ են: Հետեւաբար, նրանք կարող են իրենց ծնողներին եւ հարեւաններին ծանոթացնել տեղեկատվության ճիշտ սպառման սկզբունքներին:
«Բայց երիտասարդներին ներգրավելու համար նրանց պետք է հստակ ուղերձ տրվի, որ սա իսկապես կարեւոր է, եւ որ սա ոչ թե «իրենց խնդիրը չէ», այլ՝ բոլորի խնդիրն է: Եվ երիտասարդներն իսկապես կարող են ճշմարտության լավ դեսպաններ լինել»,- հստակեցնում է Թեփնաձեն:
Բայց մարդկանց կողմից ապատեղեկատվության նույնիսկ ընկալումը դադարեցնելու համար հարկավոր է դեռեւս մանկապարտեզից քննադատական մտածողություն սերմանել: Այս կարծիքին է Ալեքսանդր Ստարիկեւիչը:
Նաեւ, նրա կարծիքով, դժվար է աշխատել այն մարդկանց հետ, ովքեր արդեն իսկ ձեւավորել են աշխարհի մասին իրենց պատկերացումները: «Բազմաթիվ մարդիկ կարձագանքեն, թե «ինչ եք գլխիս դասեր կարդում. ես ինքս ամեն ինչ հասկանում եմ»: Բայց միշտ կգտնվի լսարանի մի հատված, որը կընկալի բացատրությունները: Վերջիններիս հետ պետք է աշխատանք տանել»,- հստակեցնում է Ստարիկեւիչը:
Բայց կան ապատեղեկատվության դեմ պայքարի ավելի արմատական մեթոդներ, իմա՝ օրենսդրական մակարդակում: Ադրբեջանական CBC հեռուստաալիքի լրատվական բաժնի ղեկավար Սաադաթ Մամեդովան կարծում է, որ անհրաժեշտ է ընդունել միջազգային օրենսդրություն, փաստաթղթեր կամ կանոնադրություն՝ կեղծ նորությունների խնդիրը լուծելու համար:
«Fake News-ն այսօր վեր է ածվել ազգային անվտանգության խնդրի: Այն մի գործիք է, որը կարող է ապակայունացնել աշխարհը, եւ ժամանակն է այն դիտարկել անվտանգային համատեքստում»,- պնդում է Մամեդովան:
Բլոգերներն ընդդեմ ապատեղեկատվության
Սոցիալական ցանցերի ժողովրդականության աճը հանգեցրեց լրատվամիջոցների համար մրցակիցների՝ բլոգերների ի հայտ գալուն, որոնք նույն կերպ մեծ լսարան են հավաքում: Իսկ ապատեղեկատվության դեմ պայքարում վերջիններս կարող են լավագույնս օգտակար գտնվել:
«Հաճախ մարդիկ ավելի շատ վստահում են բլոգերներին, քան տեղեկատվության ավանդական աղբյուրներին: Հաշվի առնելով վստահության այդ աստիճանը՝ կարծիքի առաջատարներն ունակ են համատեղ կանգնեցնել ապատեղեկատվության եւ շշուկների ալիքները»,- կարծում է Սամվել Մարտիրոսյանը:
Մոլդովացի հայտնի բլոգեր Դորին Գալբենը կարծում է, որ սոցիալական ցանցերը վերածվել են կեղծ լուրերի «որջի», եւ այն անհրաժեշտ է ապագաղտնիացնել:
«Մեր (բլոգերների, խմբ.) դերը կայանում է նրանում, որպեսզի հասանելի դառնանք հնարավորինս մեծ թվով մարդկանց համար եւ նրանց պատմենք կեղծ նորությունների երեւույթի ու այն ազդեցության մասին, որ դրանք կարող են ունենալ երկրի եւ քաղաքացիների ապագայի վրա»,- ավելացնում է նա:
Ադրբեջանցի բլոգեր Սեյմուր Կազիմովը եւս խոսում է կարծիքների առաջատարների պատասխանատվության մասին: Նա կարծում է, որ բլոգերները պետք է վերլուծեն ֆեյքերն ու ապատեղեկատվությունը եւ հերքումներ հրապարակեն:
«Բլոգերները պետք է հրապարակայնորեն ի ցույց դնեն ընկերների/ծանոթների եւ հենց այդ նույն կարծիքի առաջատարի կողմից կարդացվող աղբյուրների կեղծ հրապարակումների օրինակներ: Հստակ օրինակները միշտ ավելի լավ են աշխատում, քան տեսականները»,- կարծում է բելառուսցի բլոգեր եւ քաղաքացիական ակտիվիստ Անտոն Մոտոլկոն՝ միանգամից պարզաբանելով. «Առաջինը եւ ամենակարեւորը այն է, որ դու ինքդ չդառնաս կեղծ տեղեկատվության տարածման աղբյուր: Կա ոսկե կանոն. եթե քեզ թվում է, որ դա ֆեյք է, ապա մի հրապարակիր այն»:
Վրացի հեռուստահաղորդավար եւ բլոգեր Զուրա Բալանչիվաձեն խորհուրդ է տալիս ուշադիր նայել նորությունների գլխագրերը. դա կօգնի դրանց կեղծ լինելու մասին կարծիք կազմել:
«Կեղծ լուրերը հաճախ ունենում են «դեղին» գլխագրեր կամ էլ դրանցում առկա է սաստիկ չափազանցություն: Վերլուծեք նաեւ այն կայքը, որտեղ դուք տեսնում եք կասկածելի տեղեկատվություն, եւ թե ինչպիսի բովանդակություն է այդ ռեսուրսը հիմնականում հրապարակում»,- ավելացնում է բլոգերը:
«Բացահայտ սուտը հեշտ է նկատել, բայց թեթեւ ստերը կամ փաստերի մանիպուլյացիան՝ ավելի դժվար է: Խորհրդակցեք մասնագետների հետ` տարբեր թեմաներով: Սովորեք տարբերել փաստերը սուբյեկտիվ կարծիքներից: Մի հավատացեք ամեն ինչի: Միշտ կասկածեք, մտածեք եւ հարցեր ուղղեք»,- եզրափակում է ուկրաինացի հեռուստահաղորդավար եւ բլոգեր Ռոման Վինտոնիվը:
Մենք Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բելառուսը, Մոլդովան եւ Ուկրաինան ներկայացնող լրագրողներին ու բլոգերներին խնդրեցինք մարդկանց խորհուրդներ տալ, թե ինչպես չդառնալ ապատեղեկատվության զոհ: Բոլոր պատասխանների համադրման արդյունքում մեզ հաջողվեց կազմել կանոնների ցանկ, որոնք կօգնեն կուլ չտալ մանիպուլյատիվ տեղեկատվության խայծը:
Միշտ փնտրեք տեղեկատվության մի քանի աղբյուրներ: Դրանք կարող են լինել լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերում գործող լրագրողներ եւ փորձագետներ: Բայց աղբյուրները պարտադիր պետք է լինեն մի քանիսը:
Մի ապավինեք քիչ հայտնի կայքերից ստացված տեղեկություններին: Փնտրեք այդ նույն տեղեկատվությունը վստահելի, լուրջ եւ արհեստավարժ տեղեկատվականկայքերում:
Սոցիալական ցանցերում առավել հավանական է հանդիպել ֆեյքերի: Հոսքերը հաճախ կազմակերպվում են կամ սոցիալական ցանցերում նորաստեղծ օգտահաշիվներից, կամ էլ նրանցից, որոնք ընդօրինակում են հայտնի լրատվամիջոցներին, բայց համարվում են կեղծ:
Եթե վստահ չեք տեղեկատվության վրա, մի տարածեք այն, որպեսզի ակամա չդառնաք ապատեղեկատվական հոսքի մաս:
Վստահեքինքներդձեզեւհետեւեքառողջբանականությանը: Մտածողմարդունդժվարէմանիպուլացնել:
Հեղինակ՝ Վիկտոր Կիսչակ