12:11 | 10.04.20 | Նորություններ | 2193

Microsoft-ում համոզված են, որ աշխարհում աշխատանքի եւ կրթության ձեւաչափն ընդմիշտ կփոխվի

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստիպված են անցնել հեռավար աշխատանքի, ինչը շրջադարձային կլինի եւ ընդմիշտ կփոխի աշխատանքի եւ կրթության ձեւաչափը, հայտարարել է Microsoft 365-ի ղեկավար Ջարեդ Սպատարոն:

The Verge-ի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ մարտին Microsoft Teams հարթակի ամենօրյա ակտիվ լսարանն ընդամենը մեկ շաբաթում ավելացել է՝ 32 միլիոնից դառնալով 44 միլիոն մարդ եւ շարունակում է աճել հսկայական տեմպերով:

Microsoft-ի կորպորատիվ ծառայությունների, ձայնային եւ վիդեո պրոդուկտների պահանջարկն այս օրերին աճում է ամբողջ աշխարհում, հատկապես՝ Իտալիայում եւ Նորվեգիայում: Microsoft 365-ի ղեկավարի խոսքով, մարտի 31-ին Teams-ում իրականացրած զանգերի ընդհանուր տեւողության ռեկորդ է սահմանվել՝ մեկ օրում 2,7 մլրդ րոպե: Սա 200%-ով ավելին է, քան երկու շաբաթ առաջ գրանցված 900 միլիոն րոպե ցուցանիշը:

Նրա խոսքով, սոցիալական հեռավորություն պահելու անհրաժեշտության պատճառով առաջացած պահանջարկն արագորեն փոխում է աշխատանքային սովորույթները եւ դրանից խուսափելն անհնար է: Սա նաեւ մեծացնում է նոթբուքերի, վեբ տեսախցիկների եւ համակարգիչների պահանջարկը: «Մարդիկ սկսում են հասկանալ, որ iPad-ով տանից աշխատելն ամենալավ տարբերակն չէ»,- ասել է Ջարեդ Սպատարոն:

Նրա կանխատեսմամբ, նույնիսկ համաճարակի թուլացումից հետո աշխատանքային ֆորմատի նոր նորմեր կսահմանվեն: Սպատարոն հիշեցրել է, որ անգամ այն բանից հետո, երբ Չինաստանն օրերս վերացրեց բազմաթիվ սահմանափակումներ, Teams-ի օգտատերերի թիվն այնտեղ շարունակեց կրկնակի աճ գրանցել: «Եթե նայեք, թե ինչ է տեղի ունենում այսօր Չինաստանում եւ Սինգապուրում, ապա ձեզ ժամանակի մեքենայում կզգաք: Նրանք չեն վերադառնում գրասենյակներ, եւ ամեն ինչ առաջվանը չէ»,- շեշտել է Microsoft 365-ի ղեկավարը: